Yerevan, 02.February.2026,
00
:
00
BREAKING


Դավիթ Փախչանյան. «Ունենք մշակումներ, որոնք կարող են փոխել պատերազմի վարման ձեւը»

INTERVIEW

Դավիթ Փախչանյանն «Արար» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, «Այբ» կրթական հիմնադրամի համահիմնադիրներից: 2016-2019թթ. զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի-ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահի պաշտոնը։

- Ինչո՞վ եք զբաղվում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ - ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահի պաշտոնը թողնելուց հետո։ Ի՞նչ գործունեություն է ծավալում «Արար» հիմնադրամը 44-օրյա պատերազմից հետո։

- Պետական ծառայությունից դուրս գալուց ի վեր որոշ ժամանակ տրամադրում եմ բիզնես նախագծերին, որոնց մասնակցել եմ նախքան պաշտոնի նշանակումը: Ժամանակիս մեծ մասը հատկացնում եմ հասարակական եւ բարեգործական ծրագրերին։ Այդ բոլոր նախագծերն այս կամ այն կերպ նպատակ ունեն լուծումներ առաջարկել տարբեր ոլորտներում` անվտանգություն, կրթություն, ինքնություն եւ մշակույթ: Բոլոր նախաձեռնություններում բազմաթիվ մարդիկ են ներգրավված, բայց անձամբ ես ամենից շատ ուշադրություն եմ դարձնում անվտանգության խնդիրներին։

«Արար» հիմնադրամում խիստ առաջնահերթ ենք համարում Հայաստանի եւ Արցախի անվտանգության համակարգի բարելավումն ու գործուն քայլեր ձեռնարկում այդ ուղղությամբ։ Մեր երկրի իրավիճակը կրկնակի բարդացել է, քանզի 44-օրյա պատերազմի կորուստների ու ճգնաժամի պայմաններում պետք է վերականգնել ռազմական կարողություններն ու զուգահեռաբար արդիականացնել համակարգը՝ դիմագրավելով նոր մարտահրավերներին։ Հայաստանի եւ Արցախի անվտանգային եւ պաշտպանական համակարգերի ներկայացուցիչների, զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումների հետ համագործակցությամբ բազմաթիվ ծրագրեր ենք իրականացնում. շտապօգնության ռեանիմոբիլներից մինչեւ ինժեներական լրջագույն կառույցներ, նյութատեխնիկական աջակցությունից մինչեւ բարոյահոգեբանական ապահովման ծրագրեր։

Մեր ծրագրերը բազմատեսակ են, սակայն գլխավոր առաքելությունը միտված է ժամանակակից տեխնոլոգիաների, տեխնիկական միջոցների եւ ռազմագիտական լուծումների շնորհիվ պաշտպանական մեխանիզմներն արդիականացմանն ու անվտանգային միջավայրի բարելավմանը։ Բնական է, որ գաղտնիությամբ պայմանավորված՝ իրականացրած նախագծերի վերաբերյալ չենք կարող մանրամասներ հայտնել։

- Արդյոք գնահատվա՞ծ է Հայաստանի զինտեխնիկայի կորուստների ծավալը 2020 թվականի պատերազմից հետո:

- Վստահ եմ, որ պաշտպանության նախարարությունը գնահատել է տեխնիկայի կորուստը։ Ընդհանուր առմամբ, պատկերացում ունեմ՝ ինչ կորուստներ են եղել, բաց աղբյուրներից ակնհայտ է, որ մենք լուրջ կորուստներ ենք ունեցել հակաօդային պաշտպանության, հրետանային, հրթիռային համակարգերի եւ այլ տեխնիկայի ոլորտում։ Այս տեղեկությունը գաղտնի է, չեմ կարծում, որ արժե բաց խոսել թվերի մասին։

Ավելի կարեւոր հարց կա՝ ինչպե՞ս կարողացանք ճիշտ դասեր քաղել այս պատերազմից։ Վստահ եմ՝ գլխավոր շտաբը թարմ հետքերով պատերազմի վերլուծություն է իրականացրել, բայց կարծում եմ, որ նման վերլուծություն պետք է իրականացվի անկախ հանձնաժողովի կողմից՝ քաղաքականապես անկողմնակալ փորձագետների ներգրավմամբ։ Հասարակությունը պետք է իմանա՝ որոնք են եղել ռազմավարական սխալները, որպեսզի պատրաստ լինի համապատասխան փոփոխություններին։ Պետք է նկատի ունենալ, որ ապագա հնարավոր պատերազմը նման չի լինելու 2020 թվականի պատերազմին, թեկուզ միայն այն պատճառով, որ մենք կորցրել ենք տարածքներ, որոնք գոնե որոշակի ռազմավարական խորություն են տվել: Այն նաեւ նման չի լինի ուկրաինական պատերազմին: Մենք պետք է օգտագործենք հնարավոր ինտելեկտուալ ռեսուրսները՝ մեր կոնկրետ լուծումները գտնելու համար:

- Որո՞նք են զինված ուժերի ռազմական ներուժի վերականգնմանն ուղղված առաջնային քայլերը, որքա՞ն ծախս կպահանջվի:

- Առաջնահերթությունը հրետանու, հրթիռային համակարգերի, հակատանկային զինատեսակների, հակաօդային պաշտպանության միջոցների վերականգնումն ու համալրումն է։ Ակնհայտ է՝ անհրաժեշտ է մեծացնել ճշգրիտ հարվածներ հասցնելու հնարավորությունը, այդ թվում՝ տարբեր տեսակի անօդաչու համակարգերի միջոցով։ Սրանք նաեւ ռադիո եւ օպտիկական հետախուզական համակարգեր են, ներառյալ՝ անօդաչուներ, ռադիոէլեկտրոնային պայքարի եւ կապի միջոցներ: Անհրաժեշտ է վերանայել զրահատեխնիկայի կիրառման մեթոդները, միեւնույն ժամանակ, պետք է հասկանալ՝ ոչ պակաս կարեւոր է զորքերի հրամանատարության եւ կառավարման ժամանակակից մոտեցումների ներդրումը եւ նրանց պատրաստվածության հիմնովին կատարելագործումը։ Զենքը գործի կեսն է, ժամանակակից բանակները դառնում են տեխնոլոգիապես ավելի կատարելագործված եւ բանակին անհրաժեշտ են առաջադեմ մասնագետներ, որոնք ի վիճակի են ներդնել եւ կիրառել այդ տեխնոլոգիաները։

Այս ամենը, բնականաբար, էժան չէ, բայց կարծում եմ՝ տանելի «բեռ» է մեր տնտեսության համար։ Ողջունելի է պաշտպանական բյուջեի զգալի աճը. եթե այս միտումը շարունակենք, ապա արդիականացման համար բավականաչափ միջոցներ կլինեն։ Կարեւոր է այս աշխատանքը համակարգված իրականացնել, չկապել արտաքին քաղաքական իրավիճակի ակնթարթային փոփոխությունների հետ, այլ հակառակը, հաշվի առնել դրա զարգացման տարբեր սցենարները եւ ունենալ լուծումներ բոլոր տարբերակների համար։ Տեխնիկական լուծումները, որոնք կարող է իրականացնել մեր ռազմարդյունաբերական համալիրը, մեզ կտան առավելություն, որը կարող է հավասարվել հակառակորդի ֆինանսական առավելությանը: Հիմնական ռեսուրսը, որ մեզ պակասում է, ժամանակն է, որը, ցավոք, հիմա անխնա վատնում ենք։

- Հաճախ է խոսվում Հայաստանում ԱԹՍ-ների արդյունաբերական ծավալներով արտադրություն հիմնելու անհրաժեշտության մասին: Սա իրատեսակա՞ն եք համարում:

- Արդեն հաստատվել է որոշակի մասշտաբով անօդաչու թռչող սարքերի արտադրություն։ Հայաստանում մեծածավալ արտադրություն կազմակերպելու համար սկզբունքային խնդիրներ չեմ տեսնում։ Հիմա այս ոլորտում կան մասնավոր ներդրումներ, կան նաեւ իրենց արդարացրած մի շարք նմուշներ եւ խոստումնալից նոր մշակումներ։

 

Դավիթ Փախչանյան

Այստեղ, սակայն, կարեւոր է պետության քաղաքականությունը. ռազմարդյունաբերական կոմիտեի՝ ՊՆ կազմից դուրս գալուց հետո նախարարության եւ կոմիտեի աշխատանքի սինխրոնիզացիայի հարցերը լուծված չեն։ Պետությունը պետք է ունենա սարքավորումների ձեռքբերման հեռանկարային ծրագրեր եւ ողջամիտ պայմաններով երկարաժամկետ պայմանագրեր կնքի ընկերությունների հետ։ Անհրաժեշտ է, որ ՊՆ-ն հստակ ձեւակերպի անհրաժեշտ տեխնիկայի պահանջները՝ անհիմն չմեղմացնելով եւ չխստացնելով դրանք։

ՊՆ-ն պետք է կարողանա օբյեկտիվորեն գնահատել արտադրողների ներկայացրածը, իրականացնել փաստաթղթավորված զորային փորձարկումներ եւ ձեւակերպել բարելավման պահանջներ։

- Առհասարակ, եթե խոսենք ռազմարդյունաբերության զարգացման եւ նորագույն տեխնոլոգիաների կիրառման մասին, այսօր ունե՞նք իրական ներուժ բավարար ծավալով մրցունակ եւ մարտունակ միջոցներ արտադրելու համար:

- Այո, ունենք։ Մենք ունենք մի շարք բարձրակարգ միջոցներ, որոնցից մի քանիսն արդեն սպառազինության մեջ է: Կան մի շարք խոստումնալից մշակումներ, որոնք կարող են լրջորեն, նույնիսկ հիմնովին փոխել պատերազմի վարման ձեւը:

Լավ նորությունն այն է, որ մասնավոր ներդրողներ են գալիս ռազմական արդյունաբերություն, որոնք պատրաստ են ներդրումներ կատարել ամենաառաջադեմ տեխնոլոգիաների մեջ: Դրանք նույն մարդիկ են, որոնք ներդրումներ են կատարել ՏՏ զարգացման մեջ եւ լուրջ հաջողությունների հասել։ Նրանք հասկանում են, որ հենց նորարարական լուծումներով կարող ենք գերազանցել մեր հակառակորդներին։ Կարեւոր է նաեւ, որ պետությունն այս գործընթացում հանդես գա որպես շահագրգիռ գործընկեր։ Այն, որ մեր գիտահետազոտական եւ փորձակոնստրուկտորական (ԳՀՓԿ) աշխատանքների բյուջեն բազմիցս չի կատարվել, ռազմարդյունաբերական կոմիտեի ղեկավարը երկար ժամանակ չի նշանակվել, խոսում է լրջագույն խնդիրների առկայության մասին։ Հուսով եմ՝ ռազմարդյունաբերական կոմիտեի նոր նախագահը կկարողանա փոխել իրավիճակը, սակայն շատ բան կախված է նաեւ պաշտպանության նախարարության եւ գլխավոր շտաբի ղեկավարությունից: Պետությունը պետք է ունենա ԶՈՒ զարգացման երկարաժամկետ տեսլական եւ ռազմարդյունաբերական համալիրի հետ ձեւակերպի այն նախագծերը, որոնք կարող են մշակվել Հայաստանում եւ կարող են առավելություն տալ մեզ մարտի դաշտում։ Օրինակ՝ ժամանակակից տեխնոլոգիաները հնարավոր են դարձնում համեմատաբար էժան եւ բարձր ճշգրտության խոցման միջոցների արտադրությունը։

- Սեպտեմբերի 13-14-ի ռազմական գործողությունները ցույց տվեցին, որ մեր ՀՕՊ-ը, ցավոք, չի կարողանում արժանի պաշտպանություն ապահովել: Ինչպե՞ս եք տեսնում այս խնդրի լուծումը:

- Առկա սպառազինությամբ եւ ռազմական տեխնիկայով նույնիսկ 2020 թվականի պատերազմից առաջ արդյունավետ հակաօդային պաշտպանության համակարգ կազմակերպելը հեշտ գործ չէր՝ հաշվի առնելով տարածքի բարդ տեղանքն ու խորությունը։ Պատերազմից հետո այս խնդիրն ավելի դժվարացավ տարածքի խորության կրճատման պատճառով։ 44-օրյա պատերազմի ընթացքում մեր հակաօդային պաշտպանությունը զգալի կորուստներ է կրել, պարզ է, որ պատերազմի ժամանակ չի կարողացել լուծել «օդը փակելու» խնդիրը։ Առանձին հարց կա սեպտեմբերի 13-14-ին տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում հակաօդային պաշտպանության գործողությունների կազմակերպման վերաբերյալ։

Բայց լավ նորությունն այն է, որ անցած տասնամյակում մեծ աշխատանք է կատարվել հակաօդային պաշտպանության ՏՏ լուծումների վրա. միայն դրա շնորհիվ հակաօդային պաշտպանությունը կարող էր կատարել մարտական խնդիրը՝ չնայած ժամանակակից սպառազինությունների սուր պակասին:

Ինչ պետք է անել հիմա՝ հագեցնել հայտնաբերման եւ ուղեկցման համակարգերը, ձեռք բերել հակաօդային պաշտպանության համակարգեր, որոնք նախատեսված են «մեծ» ավիացիայի հետ պայքարելու համար եւ լուծում տալ անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարին, այդ թվում՝ երամներով գործողներին: Այս վերջինն ամբողջությամբ մեր ռազմարդյունաբերական համալիրի կարողությունների շրջանակում է։ Մեծ հաշվով, մեզ պակասում է միայն ժամանակը, բոլոր գործողությունների արագությունը պետք է էապես մեծացվի։

- Վերջին ամիսներին հնդկական մամուլում հրապարակումներ եղան Հայաստանին հրթիռային եւ համազարկային համակարգերի, ինչպես նաեւ հրետանային միջոցների մատակարարման պայմանագրերի կնքման մասին: Որքանո՞վ եք արդարացված համարում նման սպառազինության ձեռքբերումը:

- Անձամբ ծանոթ եմ հնդկական ռազմարդյունաբերական համալիրի հնարավորություններին։ Գիտեմ՝ ինչպես է Հնդկաստանի պաշտպանության նախարարությունն իրականացնում նոր տեսակի զենքերի ընդունումը։ Սա շատ լուրջ գործընթաց է։ Ռազմատեխնիկական համագործակցության ուղղությամբ հնդիկների հետ աշխատանքները սկսվել են 2017 թվականի վերջին։ Բաց աղբյուրներում տեղեկություններ կային, որ մենք նախկինում ձեռք ենք բերել հնդկական համակարգեր՝ խոսքը Swathi հակամարտկոցային ռադարների մասին է։ Հնդկաստանն այն եզակի երկրներից է, որն ունի լուրջ ռազմարդյունաբերական համալիր եւ որի հետ մենք կարող ենք աշխատել այս ոլորտում առանց էական սահմանափակումների։

Կարծում եմ՝ ուշացել ենք այս հարաբերությունների հաստատման հարցում։ Այնպես որ, ողջունում եմ ներկայիս գործունեությունն այս ուղղությամբ։ Միեւնույն ժամանակ, այս փոխգործակցությունը չպետք է լինի միայն մեկ ուղղությամբ, պետք է առաջ տանենք նաեւ մեր արտադրանքը, մեր մշակումները։ Մենք առաջարկելու բան ունենք, մասնավորապես, հնդկական կողմին հետաքրքրում են ռադիոէլեկտրոնիկայի վրա հիմնված բարձր տեխնոլոգիական տարբեր լուծումները։

Դավիթ Փախչանյան

2018 թվականին ArmHiTec ցուցահանդեսին մասնակցում էր Հնդկաստանի պաշտպանական հետազոտությունների եւ զարգացման կազմակերպության (DRDO - Defence Research and Development Organisation) ղեկավարությունը: Նրանք հաճելիորեն զարմացած էին մեր մի շարք հնարավորություններով։ Ռազմատեխնիկական համագործակցությունը պետք է դառնա Հնդկաստանի հետ ռազմավարական գործընկերության զարգացման հիմնասյուներից մեկը։

- 2020 թվականի պատերազմից հետո հաճախ է խոսվում պաշտպանական համակարգի արդիականացման մասին: Ո՞րն է արդիականացման ձեր տեսլականը:

- Նախ ուզում եմ ընդգծել, որ արդիականացում է պահանջվում ոչ միայն երկրի պաշտպանական համակարգի, այլեւ՝ անվտանգության բոլոր համակարգերի համար։ Հայեցակարգերը հայտնի են, խոսքը համապարփակ պաշտպանության (Comprehensive defence) մասին է, բայց մենք պետք է այս մոտեցումները հարմարեցնենք Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությանը։ Ժամանակին առաջարկվել էր լավ հայեցակարգ՝ «Ազգ-Բանակ», բայց պահանջվում էր այն հագեցնել իրական ծրագրով։ Ի վերջո, յուրաքանչյուր մարդ պետք է իմանա իր տեղն ու դերը, իր գործողությունները որոշակի հանգամանքներում։

Ինչ վերաբերում է բուն պաշտպանական համակարգին, փորձեմ ձեւակերպել տեսլականը.

•    Մարդկային ռեսուրսների տեսանկյունից պետք է ունենանք բարձր պրոֆեսիոնալ կորիզ՝ ի դեմս գործող բանակի կազմի, լավ պատրաստված պահեստազոր եւ բավականաչափ պատրաստված աշխարhազոր։ Մարդկանց հետ աշխատանքը պետք է հիմնված լինի ժամանակակից տեղեկատվական համակարգի վրա, իրականացվեն նախապատրաստական եւ զորահավաքային աշխատանքներ։

•    Կառավարման տեսակետից դա ցանցակենտրոն համակարգ է, որտեղ տեղեկատվությունը ճիշտ հավաքվում եւ բաշխվում է, իսկ ղեկավարումը տեղի է ունենում բաշխված ղեկավարության պայմաններում։ Կարծում եմ՝ մենք արդեն այն փուլում ենք, որում արհեստական բանականությունը (AI) նույնպես էական դեր կունենա։ Ընդհանրապես, ես այն կանվանեի «Արհեստական բանականության վրա հիմնված ցանցակենտրոն պատերազմի կառավարում» (АI based network centric warfare):

•    Կատարված գործառույթի տեսանկյունից ԶՈՒ-ն պետք է լինի միասնական հետախուզական եւ հարվածային համակարգ, որը կարող է հնարավորինս արդյունավետ հակառակորդին հասցնել պլանավորված մասշտաբի վնաս։

•    Մարտական պատրաստության առումով մեզ պետք են բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող մասնագիտացված զորքեր (ՀՕՊ, հրետանի, ՌԷՊ զորքեր, անօդաչու զորքեր, ավիացիա) եւ լավ պատրաստված հետեւակ ու հատուկ նշանակության ուժեր, որոնք կարող են իրականացնել փոխհամագործակցված համազորային օպերացիաներ։

•    Մարտական գործողություններ վարելու մեթոդի տեսակետից կարեւոր է ձգտել ունենալ ռազմավարական նախաձեռնողականություն, կարողանալ համատեղել ակտիվ պաշտպանությունը հարձակողական օպերացիաների հետ։ Դա վերաբերում է նաեւ հնարավոր ռազմական գործողությունների սկզբնական շրջանին։

•    Սահմանների պաշտպանության տեսակետից մեզ անհրաժեշտ են ավտոմատացված լուծումներ եւ դիրքերի համար լավագույն ինժեներական հագեցվածություն, որը հնարավորինս կապահովի մեր զինվորների անվտանգ ծառայությունը եւ հակառակորդի համար լուրջ խնդիրներ կստեղծի ագրեսիայի դիմելու դեպքում:

•    Բարոյահոգեբանական առումով մենք՝ որպես հասարակություն, պետք է ցանկացած պահին պատրաստ լինենք պատերազմի։ Վերաձեւակերպելով դասական միտքը՝ «այն հասարակությունը, որը պատրաստ է պատերազմին, ունի լավագույն շանսերը պատերազմից խուսափելու համար»։

- Բանակի արդիականացման տեսլականի իրագործման ի՞նչ առարկայական լուծումներ եք առաջարկում, ինչի՞ց սկսել։

- Պետք է սկսել հասարակության մեջ սպայի հեղինակության եւ կարգավիճակի բարձրացումից: Զինվորական մասնագիտությունը, երկրի համար ամենաանհրաժեշտը լինելով, համապատասխան քաղաքականության բացակայության հետեւանքով դարձել է ոչ հեղինակավոր։ Պետք է այնպես անենք, որ բանակ գան հայրենասեր, տաղանդավոր տղաներ, որոնք իրենց համար կտեսնեն կարիերայի եւ ստեղծագործական վերելքի հնարավորություններ։ Անհրաժեշտ է զինվորների մարտական պատրաստության նոր համակարգ ներդնել (մեր հիմնադրամը հատուկ ուշադրություն է դարձնում այս ոլորտին): Ակնհայտ առաջնահերթությունը սպառազինության եւ զինտեխնիկայի շտապ ձեռքբերումն է (այստեղ ուշացել ենք, բայց ինչպես վերը նշվեց, արդեն որոշակի քայլեր են արվում)։ Անհրաժեշտ է զարգացնել գոյություն ունեցող կառավարման համակարգերը եւ ներդնել նորերը, լայն հանրային քննարկման միջոցով վերջնական տեսքի բերել զինծառայության տարբեր տեսակների կազմակերպման օրենսդրական հիմքերը։ Հրատապ խնդիրը պաշտպանական համակարգի զարգացման ռազմավարությունը թղթի վրա դնելն է (այստեղ էլ ենք շատ ուշացել)։ Նորից ընդգծեմ՝ զինվորականները պետք է ակտիվորեն համագործակցեն ռազմարդյունաբերական համալիրի ներկայացուցիչների հետ՝ ավելի լավ հասկանալու, թե ինչ լուծումներ կարող ենք ստանալ երկրի ներսում։ Այդ փոխգործակցության կազմակերպումը երկրի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության պարտականությունն է։ Եվ ընդհանրապես, առանց հստակ արտահայտված քաղաքական կամքի, հնարավոր չէ լուծել բանակի արդիականացման վերը նշված խնդիրները։ Կարեւոր է, որ պատասխանատու պաշտոններ զբաղեցնող մարդիկ հասկանան՝ նախաձեռնողականությունը ողջունելի է, ոչ թե պատժելի, իսկ կարեւորագույն խնդիրը նպատակներին հասնելն է։

 

Դավիթ Փախչանյանի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը

Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors