Կովկասի տարածաշրջանում իրավիճակը կարևոր է Ռուսաստանի համար. «Փաստ»
INTERNATIONAL NEWS«Փաստ» օրաթերթը գրում է
ura.news–ը «Ռուսաստանը կհաշտեցնի երկու երկրներին հանուն Իրան և Հնդկաստան մուտք գործելու» վերնագրով հոդվածում գրում է, որ փորձագետները ura.ru-ին բացատրել են, որ Կովկասի տարածաշրջանում իրավիճակը կարևոր է Ռուսաստանի համար, քանի որ այն հարթակ է Իրանի, Թուրքիայի, Հնդկաստանի և Պակիստանի հետ փոխգործակցության համար։ Ռուսաստանի իշխանությունները շահագրգռված են տարածաշրջանում խաղաղությամբ, քանի որ այն տրանսպորտային և լոգիստիկ համակարգի մի մասն է: Նման կարծիք է հայտնել Միութենական պետության և եվրասիական ինտեգրման սոցիալական ուսումնասիրությունների և ինտեգրման կենտրոնի փոխտնօրեն Վլադիմիր Կիրեևը:
Նրա խոսքով, հակամարտությունն արգելափակում է խողովակաշարերի կառուցումն ու տրանսպորտային միջանցքների զարգացումը։ «Հայաստանը ՌԴ դաշնակիցն է ՀԱՊԿ– ում: Միևնույն ժամանակ, Ռուսաստանը լավ տնտեսական հարաբերություններ է զարգացրել Ադրբեջանի հետ, որը կարևոր երկիր է Հյուսիս-Հարավ մայրուղու համար և հանդիսանում է գազային հանգույց ածխաջրածնային ռեսուրսների մատակարարման համար։ Հակամարտության կարգավորման մի քանի տարբերակներ կան։ Հիմա Ադրբեջանն ու Հայաստանը ընկնում են Թուրքիայի ազդեցության տակ, իսկ դա ձեռնտու չէ ՌԴ– ին, և պետք է կայունացնել տնտեսական և քաղաքական իրավիճակը տարածաշրջանում։
Դա կապահովագրի Ռուսաստանին, եթե Թուրքիան ոչ բարեկամական դիրք գրավի»,- պարզաբանել է փորձագետը։ Որպեսզի տարածաշրջանի տնտեսական ներուժն ամբողջությամբ բացահայտվի, գործընթացի բոլոր մասնակիցներին պետք է միավորել մեկ տնտեսական ու քաղաքական ծրագրով, ասել է տնտեսական գիտությունների թեկնածու Միխայիլ Բել յաևը։«Ռուսաստանն ու Ադրբեջանը կապված են լոգիստիկ և էներգետիկ հարցերով։ Հայաստանը ՌԴ երկարամյա տնտեսական դաշնակիցն է: Սա Կովկասն է, որը հսկայական դեր է խաղում, և չնայած Հայաստանը ելք չունի ո՛չ դեպի Կասպից, ո՛չ էլ Սև ծով, բայց այդ երկրների խմբի միջոցով ապրանքները շարժվում են հյուսիսից հարավ, արևելքից արևմուտք և արևմուտքից արևելք»,- ասել է զրուցակիցը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը բարդացնում է շարժը անդրեվրասիական տրանսպորտային միջանցքներով, հաստատել է անկախ վերլուծաբան Դմիտրի Ադամիդովը։
«Քանի դեռ երկրները չեն հաշտվել, Ռուսաստանը չի կարողանա կառուցել Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը և ապահովել գոյություն ունեցող լոգիստիկ կապերը, որոնցով մատակարարումները գնում են Թուրքիա, Իրան և հակառակ ուղղությամբ։ Հակամարտության պատճառով Անդրկովկասով անցնող մյուս եվրասիական միջանցքներով երթևեկությունը դանդաղում է։ Եթե զինվորականներն են բեռներ տեղափոխում, ճանապարհները խցանվում են, բոլորը սպասում են, որ նրանք անցնեն, դա կաթվածահար է անում շարժումը»,- մանրամասնել է վերլուծաբանը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում