ՌԴ ՊՆ-ն տեղեկացնում է. կան զոհեր
INTERNATIONAL NEWS Դարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am
Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Մակեևկա բնակավայրում ՌԴ զինված ուժերի ստորաբաժանումներից մեկի ժամանակավոր տեղակայման վայրին ուկրաինական ուժերի հարվածի հետևանքով զոհվել է 63 զինծառայող: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունվարի 2-ին հաղորդել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: Գերատեսչությունը հայտնել է, որ ուկրաինական ուժերը ամերիկյան արտադրության HIMARS համակարգերից 6 ռեակտիվ արկ են արձակել Մակեևկայի ուղղությամբ, որոնցից 2-ը խոցվել է ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից:
Մակեևկային հարվածը հասցվել է ամանորյա գիշերը: Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբը հայտնել է, որ հարվածի հետևանքով ոչնչացվել է մինչև 10 միավոր տեխնիկա, սակայն զոհերի թվի մասին տեղեկություններ չի հաղորդել: Ավելի վաղ Ուկրաինայի ԶՈՒ ռազմավարական հաղորդակցությունների վարչությունը հաղորդել էր, որ զոհվել է 400 ռուսաստանցի զինծառայող, ևս 300-ը վիրավորվել է:
Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցիչները ռուսական ԶԼՄ-ներին հայտնել են, որ հարվածի պատճառ է դարձել «զինծառայողների կողմից բջջային կապի ակտիվ օգտագործումը»:
Իսկ ТАСС գործակալությունը հաղորդում է, որ վերջին մեկ օրվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը 80 անգամ գնդակոծել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքը: Կրակի տակ են հայտնվել 7 բնակավայրեր: Վնասվել է 15 տուն, ինչպես նաև քաղաքացիական ենթակառուցվածքի 5 օբյեկտ: 1 խաղաղ բնակիչ զոհվել է, ևս 2-ը՝ վիրավորվել:
Իր հերթին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր երեկոյան տեսաուղերձում հաղորդել է, որ 2023 թ.-ի երկու օրերի ընթացքում ուկրաինական կողմը խոցել է 80-ից ավելի իրանական կամիկաձե-դրոն:
Ուկրաինական կողմը հաղորդում է նաև, որ ռուսական ուժերը հարվածել են Դոնբասի Կրամատորսկի շրջանի Դրուժովկա քաղաքին, որը գտնվում է ուկրաինական ուժերի վերահսկողության տակ: Երկու մարդ վիրավորվել է:
Կրամատորսկի շրջանին երեկոյան հասցված հարվածը հայտնվել է ֆրանսիական TMC հեռուստաալիքի եթերում. հաղորդավարի հետ զրույցի ընթացքում թղթակցի մեջքի հետևում ուժգին պայթյուն է որոտացել:
Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբն էլ դեկտեմբերի 3-ի առավոտյան տեղեկագրում հայտնել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում ռուսական ուժերը 6 հրթիռ են արձակել ուկրաինական ենթակառուցվածքների ուղղությամբ, իրականացրել են 52 ավիահարված և 77 գնդակոծություն: Գերատեսչությունը նշում է, որ Դոնեցկի և Լուգանսկի մարզերի վրա լիակատար վերահսկողություն սահմանելու համար ռուսական ուժերի հիմնական հարձակողական գործողությունները կենտրոնացած են Բախմուտի ուղղությամբ:
Ուկրաինայում ռազմական գործողություններ են ընթանում արդեն 314 օր: