Տեղի կունենա «Նկարազարդ հասարակած. Հայաստան» ծրագրի եզրափակիչ ցուցահանդեսը
CULTUREՀունվարի 25-ին ժամը 19:00-ին Հենրիկ Իգիթյան գեղագիտության ազգային կենտրոնում (հասցե՝ Աբովյան 13) մեկնարկելու «Նկարազարդ հասարակած.Հայաստան» (Painted Equator Armenia) ծրագրի եզրափակիչ ցուցահանդեսը, որը շարունակվելու է մինչև հունվարի 29-ը: Եզրափակիչ ցուցահանդեսը տեղի է ունենալու Սլովակիայի Ազգային տոնի առիթով կայանալիք ընդունելության միջոցառման ընթացքում: Ցուցահանդեսին հրավիրվելու են տարբեր երկրների դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։
«Նկարազարդ հասարակած. Հայաստան» ծրագրի շրջանակներում ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում ապրող նկարիչներին և անվանի արվեստագետներին բաժանվել են 20×20 կտավներ։ Թեմայի ընտրության առումով հեղինակներն ազատ են եղել, և յուրաքանչյուրը նկարել է այն, ինչն իրեն հարազատ ու սրտամոտ է համարել։ Ծրագրի եզրափակիչ փուլում բոլոր նկարները կցուցադրվեն մեկ հարթակում, իսկ ցուցահանդեսի ավարտից հետո դրանք, որպես նվեր, կուղարկվեն Սլովակիայի ժողովրդին, այսինքն՝ կհանգրվանեն Բրատիսլավայում գտնվող «Painted Equator Gallery» պատկերասրահում։
«Նկարազարդ հասարակած. Հայաստան» ծրագրի շրջանակներում կայանալիք եզրափակիչ ցուցահանդեսում ցուցադրվելու են 164 կտավներ, որոնք նկարված են եղել 164 հայ նկարիչների և այլ մասնագիտություն ունեցող հայ ազգի ներկայացուցիչների ձերքով։ Այսպիսով՝ շուրջ մեկ ու կես տարի տևած «Նկարազարդ հասարակած.Հայաստան» ծրագիրը ավարտվում է:
Նախագիծը միտված էր համախմբել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում ապրող ստեղծագործողներին: Բացման ժամանակ ողջույնի խոսքով հանդես կգան Հայաստանում Սլովակիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ Միրոսլավ Հացեկը, ծրագրի հայաստանյան ներկայացուցիչ Արմինե Թումանյանը և այլ արվեստագետներ։