Իրանը հայտնել է, թե ովքեր են կանգնած Սպահանում ռազմական օբյեկտի վրա հարձակման հետևում
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելն առնչություն ունի Իրանի պաշտպանության նախարարության՝ Սպահան քաղաքում գտնվող օբյեկտի վրա հարձակմանը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՄԱԿ-ում Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սաիդ Իրավանին, հայտնում է ISNA գործակալությունը։
«Նախնական հետաքննության արդյունքները վկայում են, որ սիոնիստական ռեժիմը պատասխանատու է Սպահան քաղաքում Պաշտպանության նախարարության շենքի վրա կատարված ահաբեկչական հարձակման համար», - ասվում է հայտարարության մեջ։
Հստակեցվում է, որ Իրանը իրեն իրավունք է վերապահում պաշտպանել ազգային անվտանգությունը և վճռականորեն պատասխանել Իսրայելի ցանկացած սպառնալիքին։
Սիոնիստական ռեժիմի գործողությունները խախտում են միջազգային իրավունքը, Իրանը դատապարտում է դրանք, ասել է մշտական ներկայացուցիչը։ Իրավանիի նամակն ուղարկվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդի նախագահին։
Միաժամանակ, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն CNN-ին տված հարցազրույցում խուսափել է պատասխանել Իրանի վրա հարձակմանը հրեական պետության մասնակցության մասին հարցին։
Մինչդեռ իրանական Tasnim գործակալությունը գրում է, որ Իրաքի Քուրդիստանում տեղակայված քրդական անջատողական խմբավորումները, ըստ ամենայնի, կանգնած են Իրանի Սպահան քաղաքում ռազմական օբյեկտի վրա անօդաչու թռչող սարքերի և պայթուցիկ նյութերի օգտագործմամբ վերջին դիվերսիոն հարձակման հետևում:
Ըստ առկա տեղեկությունների՝ այդ խմբերը, օտարերկրյա անվտանգության ծառայության ղեկավարությամբ, անօդաչու սարքերի և պայթուցիկ նյութերի մասերը երկիր են բերել հյուսիս-արևմուտքում գտնվող դժվարանցանելի ուղիներից մեկով։ Մասերը և նյութերը հավաքվել են կահավորված արտադրամասում և օգտագործվել Սպահանում պաշտպանության նախարարության արտադրամասի վրա հարձակման համար։
Հիշեցնենք, որ հունվարի 29-ի գիշերը անհայտ անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Սպահանում Իրանի պաշտպանության նախարարության օբյեկտներից մեկի վրա։ Ավելի ուշ հաղորդվել է, որ Ազարշահր քաղաքի գործարանում հրդեհ է բռնկվել, իսկ Քարաջում պայթյուններ են եղել։ Ինչպես հայտնի է դարձել, անօդաչու թռչող սարքի հարձակմանը մասնակցել են քրդական խմբավորումներ, որոնք մասեր են տեղափոխել Իրան, որտեղից հետո անօդաչու սարքեր են հավաքել։
Գործակալությունը գրում է, որ այս տարվա օգոստոսին Իրանի հետախուզության կողմից ձերբակալվել էր քրդական հակահեղափոխական տարրերից կազմված ահաբեկչական խմբավորում, որը ստեղծել էր Իսրայելի լրտեսական գործակալությունը։ Խումբը վերապատրաստվել էր Մոսադի գործակալների կողմից և ծրագրում էր պայթեցնել Սպահանի կարևոր օբյեկտները։