Քերին Չինաստանի ԱԳ նախարարի հետ քննարկել է ԿԺԴՀ-ի գործողությունների հետ կապված քայլերը
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Չինաստանի ԱԳ նախարար Վան Իի հետ քննարկել է երկու երկրների համատեղ գործողությունները՝ կապված օրերս Հյուսիսային Կորեայի կողմից իրականացված միջուկային փորձարկման հետ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Պետդեպարտամենտի մամուլի ծառայությանը:
«Այսօր ես բավականին երկար խոսեցի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ, մենք քննարկեցինք առաջ շարժվելու տարբեր եղանակներ ու հնարավորություններ: Մենք համաձայնեցինք, որ չի կարելի գործերը վարել սովորական ձեւով: Մենք նաեւ համաձայնեցինք, որ սերտորեն համագործակցելու ենք, որպեսզի որոշենք այն քայլերը, որոնք կօգնեն հակազդելու այդ միջուկային փորձարկմանը»,- ասել է Քերին:
Հյուսիսային Կորեան հունվարի 6-ին հայտարարել է, որ ջրածնային ռումբի փորձարկում է անցկացրել: Միջազգային հանրակցությունը, այդ թվում՝ հանգուցային միջուկային տերությունները դատապարտել են Փենյանի գործողությունները՝ նշելով նրա կողմից ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերի կոպիտ խախտման մասին, եւ անհանգստություն են հայտնել տարածաշրջանում իրադրության բարդանալու կապակցությամբ: Մինչդեռ միջազգային կազմակերպությունների տեխնիկական մասնագետները եւ ատոմային էներգետիկայի գծով փորձագետները առայժմ չեն հաստատում, որ Փենյանը հենց ջերմամիջուկային լիցքի պայթեցում է իրականացրել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:



