Զառա Սահակյանը, Գոռ Հակոբյանը, Աղաս Մանուկյանը, Վահե Խաչատրյանը և այլք՝ Մենչի նոր հումորային նախագծում
LIFEՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Այս շրջանում բուռն ընթանում են «Վարչապետ 2050» հումորային նոր բազմասերիանոց ֆիլմի նկարահանումները: Tert.am Life-ը ներկա է եղել նկարահանումներին և ներկայացում է առաջին լուսանկարները և մանրամասները:
Նախագիծը բաղկացած է 16 մասից. այն «Արմենիա» հեռուստաընկերության եթերում կլինի ապրիլի վերջից: Նախագծի պրոդյուսեր և սցենարիստ Արմեն Պետրոսյանը (Մենչ) ներկայում Հայաստանում է: Նա հայրենիք է վերադարձել հատուկ նկարահանումներին մասնակցելու համար. տևական դադարից հետո նա նկարահանվելու է նախագծում:
«Որոշակիորեն բացակայում էր նախագծերում նկարահանվելու ցանկությունը՝ չնայած մի քանի նախագիծ իրականացրել եմ այստեղ, բայց այս դեպքն ուրիշ է, և ինձ մոտ կար հստակ ցանկություն նկարահանվել «Վարչապետ 2050» հումորային նախագծում: Ձևաչափը հումորային է, հետաքրքիր, մի փոքր արկածային և հեքիաթային տարերով, այս շրջանում արդեն բավականի տեսարաններ նկարահանել ենք, բայց ամեն բան դեռ ընթացքի մեջ է»,- նշել է Արմեն Պետրոսյանը:
Նա նաև խոսել է դերասանական անձնակազմի մասին՝ նշելով, որ թիմն ու դերասանները բարձր մակարդակով կատարում են իրենց աշխատանքն ու չկան առանձնացված հստակ դերեր և բոլորն առաջին պլանում են: Հատկանշական է, որ այս նախագծում նաև ներգրավված են դպրոցական երեխաներ, որոնք իրենց առաջին քայլերն են անելու ոլորտում:
«Այս նախագծում կան մարդիկ, որոնց հետ աշխատել եմ երկար տարիներ, մասնավորապես՝ Խաչատրյան Վահեն, Հակոբյան Գոռը, Մանուկյան Աղասը, Զառան և մի շարք այլ դերասաններ, բայց նաև ինչպես միշտ մենք ներգրավել ենք նոր դեմքեր, սկսնակ դերասաններ, որոնց հարթակ ենք տրամադրել: Ուզում եմ հավելել, որ կարոտել էի շատերի հետ աշխատանքը և առհասարակ նկարահանումներին ակտիվ մասնակցությունը»,- նշել է նա:
Արտաքին կտրուկ փոփոխություններով է ներկայանում այս նախագծում դերասանուհի Զառա Սահակյանը, որը մարմնավորում է դպրոցի տնօրենին:
«Այս կերպարով և արտաքին փոփոխություններով մենք կարծրատիպեր ենք կոտրելու, քանի որ կա կաղապարված մի պատկեր դասական տնօրենի արտաքին տեսքով և վարքագծով, իսկ իմ կերպարը կոտրում է այդ կարծրատիպերը և մոտեցումները: Իսկապես հետաքրքիր և տարբերվող նախագիծ է, իսկ Արմենի հետ նկարահանումները կարոտել էի»,- խոստովանել է Զառա Սահակյանը:
Հումորիստ և դերասան Աղաս Մանուկյանը ևս ներգրավված է նախագծում և մեզ հետ զրույցում հավելել է, որ այս նախագծում նա խոսելու է իրեն հարազատ բարբառով:
«Մարմնավորում եմ շատ գունառատ կերպար և մի անփույթ գործակալի, որը ևս դուրս է մեր պատկերացրած գործակալի կերպարից: Ինձ առավել քան հոգեհարազատ են հումորային նախագծերը, մասնավորապես նրանք, որոնք Արմենի ձեռամբ են, իսկ այս նախագիծը ևս տարբերվող է, վստահ եմ՝ սիրվելու է հեռուստադիտողի կողմից, իսկ մենք անհամբեր սպասում ենք՝ երբ ենք հանձնելու այն հեռուստադիտողի դատին»,- եզրափակել է Աղաս Մանուկյանը: