Ցեղասպանության հարցում Թուրքիայի քաղհասարակությունը փոխվում է. LCR-ի եթերում նշել է հայազգի արվեստագետը
INTERNATIONAL NEWSԲելգիական LCR հեռուստաընկերության եթերում հայազգի արվեստագետ, նկարիչ Սարգիսը (Սարգիս Չաբունյան) անդրադարձել է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորության մասին հարցին: «Այն, որ Թուրքիայի կառավարությունը չի ճանաչում է Հայոց ցեղասպանության փաստը, իր գործն է, սակայն թուրքական քաղաքացիական հասարակությունն իսկապես փոխվում է»,- նշել է Սարգիսը:
Հայազգի ավերստագետը վստահություն է հայտնել, որ ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն առաջ է շարժվում: Միաժամանակ, նա կարևորել է Թուրքիայի քաղաքացիական հասարակության կողմից վերջին շրջանում իրականացվող քայլերը` Մեծ Եղեռնի ճանաչման ուղղությամբ:
Հաղորդման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև նախորդ տարվա սեպտեմբերից Բրյուսելում բացված «Սարգիսը Փարաջանովի հետ» խորագրով ցուցահանդեսին, որը բաց կլինի մինչ 2016 թվականի հունվարի 31-ը:
Փարաջանովի գործերը ներկայացվել են Սարգիսի աշխատանքների հետ, ով ոգեշնչվել է հայ մեծանուն կինոռեժիսորի գործերով: «Երբ ես Փարիզում տեսա նրա ֆիլմը` «Սայաթ-Նովան», ես շանթահար եղա: Կարծում եմ, որ ֆիլմը դիտել եմ 40, 50, 60 անգամ: Ինչ-որ բան կապում է իմ և նրա աշխարհը»,- նշել է Սարգիսը: Նա շեշտել է, որ ցուցադրության միջոցով փորձել է ցույց տալ երկխոսություն, զրույց իր և Փարաջանովի միջև:
Ցուցահանդեսը կազմակերպվել է Պողոսյան հիմնադրամի օժանդակությամբ:



