Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը պատմության մեջ առաջին անգամ կազմել է մոտ 1 միլիարդ դոլար. Քերոբյան
ECONOMICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը 2022 թվականին կազմել է մոտ մեկ միլիարդ դոլար։
Ազգային ժողովում բյուջետային քննարկման ժամանակ այս մասին հայտնեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Ներդրումների մասով, ըստ միջանկյալ տվյալների, մենք անցած տարի ունենք 1 տրիլիոն 845 միլիարդ դրամի համախառն կուտակում, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալն առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ կազմել է մոտ մեկ միլիարդ դոլար, որը մեր ՀՆԱ-ի 5․13 տոկոսն է»,- հայտարարեց Քերոբյանը։
Նա հիշեցրեց , որ օտարերկրյա ուղիղ ներդրումներ-ՀՆԱ ցուցանիշի մասով կառավարության թիրախը եղել է 6 տոկոսը, իսկ ներդրումներ-ՀՆԱ ցուցանիշի թիրախը եղել է 25 տոկոսը։
Քերոբյանի խոսքով՝ հիմա միջանկյալ տվյալներով այդ ցուցանիշը կազմում է 21․7 տոկոս, բայց հաշվի առնելով, որ վերջնական տվյալները էապես ավելի բարձր են լինում, քան միջանկյալ տվյալները, կարծում են, որ բավականին մոտ կլինեն կառավարության դրած թիրախին։
Հայաստանի էկոնոմիկայի նախարարը հավելեց՝ ներդրումներ-ՀՆԱ 25 տոկոս ցուցանիշին հասնելու պարագայում կարող են ասել, որ սպառման վրա հիմնված տնտեսական աճից ներդրումների վրա հիմնված տնտեսական աճին անցումը, ինչի նպատակը դրել է կառավարությունը, իրականացվում է։