Սիոնիստական ռեժիմի տարածաշրջանային շարժերից որևէ մեկը չի վրիպում Իրանի աչքից. Իրանի ԱԳՆ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը հետևում է իսրայելական ռեժիմի յուրաքանչյուր տարածաշրջանային շարժմանը։
«Սիոնիստական ռեժիմի տարածաշրջանային շարժերից որևէ մեկը չի վրիպում Իրանի Իսլամական Հանրապետության աչքից»,- չորեքշաբթի «Թվիթեր»-ում գրել է Քանանին։
Նրա խոսքով՝ իսրայելական ռեժիմը հուսալի չէ, և սիոնիստների պայքարը տարածաշրջանում իրենց ներկայությունն ընդլայնելու համար չի օգնի վերականգնել կեղծ ռեժիմի ներքին խարխլված հիմքը:
«Սիոնիստական ռեժիմն ատելի է աշխարհի ազգերի կողմից և ապագա չի ունենա»,- եզրափակել է նա։
Հիշեցնենք, որ Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը, որը երկօրյա այցով Ադրբեջանում է, հայտարարել է, որ Իսրայելն Ադրբեջանը դիտարկում է որպես արժեքավոր ռազմավարական գործընկեր և «տարածաշրջանային կայունության խարիսխ» (չակերտները՝ Tert.am)։ Նա այս մասին գրել է թվիթերյան միկրոբլոգում:
Մինչդեռ հարևան Իրանի մասով Իսրայելի նախագահն ասել է, որ այն «սպառնալիք» (չակերտները՝ Tert.am) է տարածաշրջանի համար:
Դիմելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ Հերցոգն ասել է.«Մենք ընդհանուր տեսակետ ունենք, ես տեսնում եմ, որ Ադրբեջանը մեծ ազդեցություն ունի աշխարհում և տարածաշրջանում։ Դուք ինձ պատմեցիք Եվրոպայի էներգետիկ հատվածի, ընդհանրապես՝ տարածաշրջանի, Ասիայի, Մերձավոր Արևելքի վրա Ադրբեջանի ազդեցության մասին։ Մենք ուսումնասիրեցինք անվտանգության գլոբալ, տարածաշրջանային կառույցը, որի համար Իրանը վտանգ ու սպառնալիք է ներկայացնում, մանրամասն քննարկեցինք այդ հարցը»: