Կարող ենք պահպանել Արցախը, եթե գործենք խելացի, գտնելով ոչ ստանդարտ, «այլընտրանքային» լուծումներ. Ռուբեն Վարդանյան
BLOG«Մենք ենք մեր սարերը» գործակալության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Էթնիկ զտման քաղաքականությունն իրականություն դարձնելու նպատակով Ադրբեջանը շարունակում է ճնշումներն Արցախի բնակչության նկատմամբ: Դրանք աստիճանաբար խորանում են՝ ստանալով տարբեր դրսևորումներ: Արդեն 8-րդ օրն է, ինչ Արցախն ապրում է լիակատար շրջափակման պայմաններում: Այստեղ մենք չենք ստանում ո’չ դեղորայք, ո’չ առաջին անհրաժեշտության ապրանքներ, ո ՛չ սնունդ:
Կենսական բոլոր ենթակառուցվածքների գործունեությունը ևս խափանված է: Դեռ հունվարի 9-ից ադրբեջանական կողմի միջամտությամբ կտրված է Հայաստան-Արցախ միակ բարձրավոլտ էլեկտրագիծը, ընդհատված է Հայաստանից Արցախ գազամատակարարումը, վառելիքի բացակայության պայմաններում գրեթե անհնար է դարձել շրջաններից դեպի մայրաքաղաք Ստեփանակերտ և հակառակը տեղաշարժը:
Այս անելանելի թվացող իրավիճակում ուզում եմ խոսել մի փոքր ծրագրի մասին, որը ջերմացնում է: «Մենք ենք մեր սարերը» գործակալությունն Արցախում սկսել է նոր ծրագիր, որի շրջանակում Ստեփանակերտում, Մարտունու, Մարտակերտի և Ասկերանի շրջաններում 70-ից ավելի մանկապարտեզներում և առողջապահական հաստատություններում արևային ջրատաքացուցիչներ են տեղադրվելու: Սա նշանակում է, որ անկախ հոսանքազրկումից ու գազազրկումից՝ այս կարևոր սոցիալական հաստատություններն ունենալու են տաք ջուր այլընտրանքային եղանակով՝ արևային էներգիայի շնորհիվ: Սա ևս այն ծրագրերի թվում է, որի «գաղափարի հեղինակը» շրջափակումն է եղել: Փոքրամասշտաբ ծրագիր է, բայց չեզոքացնում է ադրբեջանական կողմի ջանքերի ազդեցությունը առնվազն 70 հաստատության համար:
Այս օրինակը բերելով՝ ուզում եմ ասել, որ կարող ենք: Կարող ենք դիմակայել, կարող ենք պահպանել Արցախը, եթե գործենք խելացի, գտնելով ոչ ստանդարտ, «այլընտրանքային» լուծումներ, ոչ համաչափ, բայց ուժեղ պատասխաններ, որոնք հակառակորդին ստիպելու են հաշվի նստել մեզ հետ: Ամեն ինչ մեր ձեռքերում է:
1
Free Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle East
2
Trust and reach across the globe
3
Ucom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable Gifts
4
Choosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank App
5
Individuals and businesses, near and far, all welcome



