Ֆրանսիայում կարող է արտակարգ դրություն հայտարարվել (լուսանկարներ)
PHOTOՖրանսիայի իշխանությունները կարող են արտակարգ դրություն մտցնել երկրում տիրող անկարգությունների պատճառով, հայտարարել է քաղաքային և բնակարանային քաղաքականության նախարարի պատվիրակ Օլիվյե Քլայնը, գրում է Sputnik-ը։
Ըստ նրա՝ սա գործողության հնարավոր տարբերակներից մեկն է։
«Այսօր ամեն ինչ հնարավոր է, ոչինչ չի կարելի բացառել»,- ասել է Քլայնը։
Միաժամանակ, նա նշել է, որ իրադարձությունների զարգացման հիմնական սցենարը չափահաս բնակչության մոբիլիզացումն է «հանգստությունը վերականգնելու համար»։
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը հայտնել է, որ հինգշաբթի և ուրբաթ գիշերը տեղի ունեցած անկարգությունների ժամանակ 667 մարդ է բերման ենթարկվել։ Ըստ ֆրանսիական լրատվամիջոցների՝ բռնի գործողությունների մասնակիցների զգալի մասը երիտասարդներն են, այդ թվում՝ 14-18 տարեկաններ։
Երեքշաբթի առավոտյան ոստիկանության աշխատակիցները Փարիզի արևմուտքում գտնվող Նանտեր արվարձանում ճանապարհային ստուգման ժամանակ կրակել և սպանել են 17-ամյա մի տղայի, ով, ըստ ոստիկանության, հրաժարվել է կատարել իրենց պահանջները: Արդյունքում՝ Ֆրանսիայի մի շարք քաղաքներում անկարգություններ են սկսվել, որոնք շարունակվում են արդեն մի քանի օր։
Երիտասարդները հրկիզել են մեքենաներ, ոստիկանության և կառավարական շենքեր։ Մի շարք քաղաքներում տեղակայված են ոստիկանության հատուկ նշանակության ջոկատներ, ներգրավված են զրահատեխնիկա, ուղղաթիռներ։
Ուրբաթ գիշեր ցուցարարները ողջ Ֆրանսիայում այրել են մոտ 500 շենք և ավելի քան 550 ավտոմեքենա:
Agence France-Presse-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանակից շուտ լքել է Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովը և չեղարկել դրա արդյունքների վերաբերյալ նախատեսված մամուլի ասուլիսը։