Այսօր երեկոյան Ցյուրիխում կհայտարարվի 2015թ. լավագույն ֆուտբոլիստի անունը
SPORTԱյսօր երեկոյան Ցյուրիխում կայանալիք գալա-երեկոյին հայտնի կդառնա 2015թ. լավագույն ֆուտբոլիստի անունը և նրան հանդիսավոր ձևով կհանձնվի «Ոսկե գնդակ» մրցանակը:
Ինչպես արդեն գիտենք, այս տարվա հավակնորդների եռյակը կազմում են արգենտինացի Լեոնել Մեսսին, պորտուգալացի Քրիշտիանու Ռոնալդուն և բրազիլացի Նեյմարը: Մեսսին լավագույնն է ճանաչվել 2009-201 2 թթ.՝ չորս տարի անընդմեջ, այդ կերպ սահմանելով ֆուտբոլի ողջ պատմության մեջ բացառիկ ռեկորդ: Ռոնալդուն մրցանակին արժանացել է երեք անգամ՝ 2008-ին և 2013-2014 թթ.: Նեյմարը հավակնորդների եռյակի մեջ հայտնվում է առաջին անգամ և այսօր կարող է առաջին անգամ արժանանալ ցանկացած ֆուտբոլիստի համար այս ամենաբաղձալի մրցանակին:
Ստացվում է, որ երեք հավակնորդներն էլ ներկայացնում են տարբեր երկրներ, սակայն ակումբային առումով միևնույն երկիրը՝ Իսպանիան: Բացի Ոսկե գնդակի մրցանակից, արարողությանը կհանձնվեն մրցանակներ տարվա արդյունքներով լավագույն կին-ֆուտբոլիստին, լավագույն մարզիչներին տղամարդկանց և կանացի ֆուտբոլում, տարվա ընթացքում խփված ամենագեղեցիկ գոլի հեղինակին, ինչպես նաև՝ ամենամյա «fair play» մրցանակը:
Ուշագրավ է նաև, որ վերջին տարիների ընթացքում առաջին անգամ արարողությունը կանցկացվի առանց ՖԻՖԱ-ի նախագահի մասնակցության՝ Յոզեֆ Բլատտերին, հայտնի պատճառներով, ուղղակի թույլ չեն տա ներկա գտնվել այս արարողությանը: