Բաքվում արտարժույթի շուկան կաթվածահար է եղել
ECONOMICSԲաքվում դոլարի եւ եվրոյի վաճառքը գործնականում դադարեցվել է. կիրակի օրվանից փոխանակման բոլոր կետերը փակ են:
Այս մասին, ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը` նշելով, որ բանկերը արտարժույթ չեն վաճառում, չնայած ցուցանակներում ձեւականորեն նշված են Կենտրոնական բանկի պաշտոնական փոխարժեքները:
Նշվում է, որ արտարժույթ հնարավոր չէ հանել նաեւ պլաստիկ քարտերով: Անգամ քարտերով արտարժույթ հանելու դիմաց 4 տոկոս միջնորդադրամ սահմանվելուց հետո բանկոմատներում հնարավոր չէ դոլար եւ եվրո հանել:
«Գործնականում արտարժույթի շուկան երկրում կաթվածահար է: Արտարժույթի հետ կապված իրարանցման պատճառով շարունակվում է բոլոր ապրանքների` այդ թվում պարենի եւ ծխախոտի գների աճը: Ներկրողները, ձգտելով ապահովագրել ռիսկերը, բարձրացնում են գները», -հաղորդում է «Թուրան»-ը` նշելով, որ դրա հետ կապված աշխուժացել է «սեւ շուկան», որտեղ դոլարը վաճառվում է 1,9-2 մանաթով, իսկ եվրոն` 2-2,1 մանաթով:
Ադրբեջանի ԿԲ-ի կողմից հունվարի 8-ին սահմանված պաշտոնական փոխարժեքի համաձայն` ԱՄՆ-ի մեկ դոլարը հավասար է 1,5642 մանաթի, 1 եվրոն` 1,7009 մանաթի: Այդ փոխարժեքները պաշտոնական են հայտարարված նաեւ հունվարի 11-ի համար: