Մխիթարյանը պատրաստ է «Բորուսիա»-ի հետ քննարկել պայմանագիրը երկարաձգելու հարցը
SPORTՀայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է բանակցել «Բորուսիա»-ի հետ՝ պայմանագիրը երկարաձգելու հարցով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Մխիթարյանը հարցազրույց է տվել գերմանական Kicker պարբերականին, որում խոսել է ակումբի հետ գործող պայմանագիրը երկարաձգելու հնարավորության մասին:
Հայ ֆուտբոլիստը նշել է, որ ցանկանում է շատ տիտղոսներ նվաճել, հասնել առավելագույնին, քանի որ ֆուտբոլիստի կարիերան կարճատև է: «Բորուսիան» լավ մարզիչ ունի, հիանալի խաղաոճ, որը համապատասխանում է ինձ։ Բազմաթիվ երիտասարդ ֆուտբոլիստներ ունենք։ Այս թիմի հետ կարող եմ շուտով տիտղոսներ նվաճել»,- ասել է Մխիթարյանը։
Անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե «Բորուսիա»-ն ցանկանում է երկարաձգել պայմանագիրն իր հետ՝ Հենրիխ Մխիթարյանն ասել է, որ պատրաստ է գործակալի հետ քննարկել այդ հարցը: Նա նշել է, որ բաց է քննարկումների համար:
Ֆուտբոլիստը խոսել է նաև իտալական «Յուվենտուս» հնարավոր տեղափոխության մասին՝ ընդգծելով, որ նման հնարավորություն նախկինում էլ է ունեցել, սակայն մինչ այս պահը շարունակում է հանդիսանալ «Բորուսիա»-ի խաղացող:
Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրն ավարտվում է 2017թ.: Արդեն իսկ սկսել են լուրեր շրջանառվել, որ «Բորուսիա»-ն ցանկանում է երկարաձգել ֆուտբոլիստի հետ պայմանագիրը և նրա համար սահմանել ավելի բարձր աշխատավարձ: Լուրեր են շրջանառվում, որ Մխիթարյանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է իտալական «Յուվենտուս»-ը, որը մրցաշրջանի ավարտից հետո ցանկանում է ձեռք բերել նրա տրանսֆերային իրավունքները: