«Ոսկե գնդակ-2015» հաղթողների անունները պարզ կդառնան ժամեր անց
SPORTՑյուրիխում հունվարի 11-ին տեղի կունենա «Ոսկե գնդակ - 2015» ամենամյա մրցանակաբաշխությունը: Տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են Լիոնել Մեսսին, Նեյմարը եւ Կրիշտիանու Ռոնալդուն: Նեյմարը եւ Մեսսին 2015 թվականի ընթացքում «Բարսելոնա»-ին օգնել են 5 տիտղոս նվաճել (Իսպանիայի առաջնություն, Իսպանիայի գավաթ, Չեմպիոնների լիգա, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթ, Աշխարհի ակումբային առաջնություն): Մեսսին ամռանն արժանացել է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ կոչմանը: Անցած մրցաշրջանում Ռոնալդուն գերազանցել իր իսկ ռեկորդը՝ խփելով 61 գոլ (տարվա կտրվածքով՝ 57 խաղում խփել է 57 գոլ): Նման արդյունավետության շնորհիվ պորտուգալացին կարիերայում չորրորդ անգամ արժանացել է «Ոսկե խաղակոշիկի»:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ոսկե գնդակ - 2015» լավագույն մարզչի մրցանակին հավակնում են Չիլիի հավաքականի գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին, «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն, «Բավարիա»-ում վերջին մրցաշրջանն անցկացնող Խոսեպ Գվարդիոլան:
Տարվա լավագույն ֆուտբոլիստուհի մրցանակի համար կպայքարեն Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստուհի Սելիա Շաշիչը, ամերիկուհի Կարլի Լյոդը և ճապոնուհի Այա Միյաման:
«Ոսկե գնդակ» ամենամյա ֆուտբոլային մրցանակը սահմանվել է «France Football»-ի գլխավոր խմբագիր Գաբրիել Անոյի կողմից, ով 1956-ին իր գործընկերներին խնդրեց քվեարկել Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ ընտրելու համար: Մրցանակի առաջին տերը «Բլեկպուլի» ֆուտբոլիստ Սթենլի Մեթյուն էր: 2007 թվականից մինչև օրս «Ոսկե գնդակը» կարող է ստանալ ցանկացած ազգի ու աշխարհի ցանկացած ակումբում ելույթ ունեցող ֆուտբոլիստ: Քվեարկությանը մասնակցում են ՖԻՖԱ-ի անդամ երկրների մարզական 96 լրագրողները, ազգային հավաքականների գլխավոր մարզիչները եւ ավագները: