Բանգլադեշի վարչապետի հրաժարականը պահանջող ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են եղել․ առնվազն 20 ոստիկան է տուժել, 90 մարդ ձերբակալվել (լուսանկարներ)
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բանգլադեշի ոստիկանությունն այսօր ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ է կիրառել ընդդիմադիր ազգայնական կուսակցության կողմնակիցների դեմ, որոնք փակել էին մայրաքաղաք Դաքայի գլխավոր ճանապարհները՝ պահանջելով երկրի վարչապետի հրաժարականը: Այս մասին գրել է Al Jazeera-ն։
Բանգլադեշի ազգայնական կուսակցության կողմնակիցներն այրել են ավտոբուսներ ու պայթեցրել բենզինի պարունակությամբ ինքնաշեն ռումբեր։ Նրանք պահանջում են, որ վարչապետ Շեյխ Հասինան հրաժարական տա, և հաջորդ ընտրությունները, որոնք նախատեսված են հաջորդ տարվա սկզբին, անցկացվեն չեզոք ժամանակավոր կառավարության ներքո:
2018 թվականին կոռուպցիայի մեղադրանքով բանտարկվել է ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Խալեդա Զիային։ Վերջին ամիսներին նրա կողմնակիցներն ավելի մեծ բողոքի ցույցեր են անցկացրել, այդ թվում՝ ուրբաթ օրը բողոքելով կենսապայմանների վատթարացման համար: Բացի այդ, ցուցարարները կառավարությանը մեղադրում են 2014 և 2018 թվականներին «կեղծ ընտրություններ» կազմակերպելու համար։
Շաբաթ օրը Բանգլադեշի ազգայնական կուսակցությունը հայտնել է, որ իր տասնյակ կողմնակիցներ վիրավորվել են ոստիկանության հետ բախումների պատճառով: Ոստիկանությունը հայտնել է, որ բախումների ընթացքում տուժել է առնվազն 20 աշխատակից։ Առնվազն 90 ցուցարար է ձերբակալվել։ Կուսակցության երկու բարձրաստիճան ղեկավարներ բերման են ենթարկվել ոստիկանություն, իսկ ավելի ուշ՝ ազատ արձակվել:
«Այսօրվա մոլեգնած գործողությունը… միայն հաստատեց իշխող վարչակարգի բռնապետական էությունն ու լիովին բացահայտում է կեղծված ընտրությունների միջոցով իշխանության մնալու նրանց դրդապատճառները»,- ասել է ընդդիմադիր կուսակցության ղեկավար Աբդուլ Մոյեն Խանը Reuters գործակալությանը։
Դաքքայի ոստիկանության խոսնակ Ֆարուք Ահմեդն ասել է, որ իրենց ուժերն առանց որևէ պատճառաբանության հարձակման են ենթարկվել ցուցարարների կողմից, երբ փորձել են վերականգնել երթևեկությունը։ «Մենք ստիպված եղանք արցունքաբեր գազ ու ռետինե փամփուշտներ կիրառել՝ իրավիճակը վերահսկելու համար»,- ասել է նա։
Al Jazeera-ի թղթակից Թանվիր Չաուդուրին Դաքայից հաղորդել է, որ լարվածությունը նկատելի է փողոցներում, բնակիչները պատրաստվում են նոր բռնությունների։
Բանգլադեշում իշխող «Ավամի լիգա» կուսակցությունը կոչ է արել կիրակի օրը հանրահավաք կազմակերպել՝ ի պատասխան ընդդիմության։ Մինչդեռ ընդդիմությունը երկուշաբթի օրը ավելի մեծ համաժողովրդական հանրահավաքի կոչ է արել: