ԶՊՄԿ-ի և Պոլիտեխնիկի միջև ձեռք են բերվել ինստիտուցիոնալ համագործակցության պայմանավորվածություններ՝ մասնագիտական կադրերի պատրաստման խնդիրների ուղղությամբ
ECONOMICSԱյսօր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան է այցելել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությունը՝ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին, տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը, տնօրենի տեղակալ Արթուր Նիկողոսյանը և Կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը։
Նրանց ընդունել է ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը:
Քննարկվել են ՀԱՊՀ Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի կրթական ծրագրերի շուրջ առկա մարտահրավերները և զարգացման հեռանկարների համար անհրաժեշտ գործողությունները:
Վարդանյանը հյուրերին ներկայացրել է ոլորտային կրթական ծրագրերը պահանջարկված ու մրցունակ դարձնելու համար իր մոտեցումները: Ձեռք է բերվել պայմանավորվածություն ինստիտուցիոնալ համագործակցությամբ առաջիկա 5 տարիներին լուծել ոլորտում առկա մասնագիտական կադրերի պատրաստման խնդիրները:
ԶՊՄԿ գործադիր տնօերնը, արձանագրելով ինժեներական կրթության կարևորությունը երկրի տնտեսության և կայունության հարցում, հայտնել է իր պատրաստակամությունը խորքային և բովանդակային բարեփոխումների ճանապարհին աջակցելու Պոլիտեխնիկին։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հիմնադրման 70-ամյակի և ՀԱՊՀ-ի հետ երկարատև սերտ համագործակցության համար ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիին Պոլիտեխնիկի ռեկտորը պարգևատրել է ՀԱՊՀ Ոսկե հուշամեդալով։
Այցի շրջանակներում ԶՊՄԿ-ի ղեկավարության համար կազմակերպվել է այցելություն ՀԱՊՀ մի շարք լաբորատորիաներ, գերազանցության կենտրոններ, Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտ: