Թուրքիայում ձերբակալել են Ստամբուլում ահաբեկչություններ պլանավորող զինյալների
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ստամբուլի առևտրի կենտրոններից մեկում ձերբակալվել են Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (ՔԱԿ) զինյալների. նրանց ձեռքին եղել է այրվող պայուսակ, որում հայտնաբերվել է պայթուցիկ։ Այդ մասին տեղեկանում ենք РИА Новости գործակալությունից:
Նշվում է, որ ըստ Hürriyet թերթի տվյալների՝ տվյալ անձինք պլանավորել էին պայթեցնել խանութը։ Ոստիկանության ուշադրությունը գրավել է այն, որ Ստամբուլի արևմուտքում գտնվող Բայրամփաշա շրջանի առևտրի կենտրոնով զբոսնելիս հանկարծ սկսել է այրվել տղամարդու ձեռքի պայուսակը։ Հաղորդվում է, որ տղամարդը և նրա հանցակիցը ձերբակալվել են։
«Ձերբակալվածները հարցաքննության ժամանակ պատմել են, որ արտասահմանից ՔԱԿ-ի անդամն իրենց գումար է ուղարկել, որով նրանք պայթուցիկ են գնել և նրա հանձնարարությամբ պետք է այն դնեին խանութում», – գրում է թերթը։
Այնուամենայնիվ, պլանը տապալվել է, և ինչ-ինչ պատճառներով պայուսակը բռնկվել է ժամանակից շուտ։
Հարցաքննության ժամանակ ձերբակալվածները նաև հայտնել են, որ Սուլթանղազիի շրջանի անտառապուրակում իրենք տեղադրել են որոշ սարքեր, որոնք տաքացնելիս կարող էին անտառային հրդեհ առաջացնել։ Ավելի ուշ ուժայինները դրանք հայտնաբերել և ոչնչացրել են։
Շուտով Բախչելիևլերի շրջանի բնակարաններում ձերբակալվել են նաև այլ հանցակիցներ՝ ընդհանուր առմամբ 11 մարդ։ Ըստ պարբերականի՝ խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են առնվազն 3,2 կիլոգրամ պայթուցիկներ և այլ նյութեր ու տարրեր, որոնք կարող էին օգտագործվել պայթուցիկ սարքեր հավաքելու համար։