Թուրքիայում Հրանտ Դինքի սպանության գործով դատախազը հեռացվել է հետաքննությունից
INTERNATIONAL NEWSՍտամբուլի հանրապետական գլխավոր դատախազ Հադի Սալիհօղլուն «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով պետպաշտոնյաների հետ կապված մեղադրական եզրակացություն պատրաստած եւ հանցագործությունը կազմակերպված լինելու հետ կապված հետաքննություն անցկացնող դատախազ Գյոքալփ Քյոյքչույին տեղափոխել է այլ աշխատանքի:
Այս մասին, ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Aljazeera Turk կայքը` նշելով, որ Հրանտ Դինքի սպանության գործով հետաքննությունը հանձնարարվել է այլ դատախազի:
Նշվում է, որ Դինքի գործով դատախազի փոփոխությունը կատարվել է Թուրքիայի գլխավոր դատախազության 2016 թվականի համար «աշխատանքի բաժանման» շրջանակում: Գյոքալփ Քյոքչուն աշխատանքի է նշանակվել Ստամբուլի դատախազության գլխավոր նախապատրաստական հետաքննության գրասենյակում: Նա այլեւս ահաբեկչության շրջանակում հետաքննություններ չի անցկացնելու:
Հրանտ Դինքի սպանության գործի վերանայումը դատախազ Քյոքչույին հանձնարարվել էր 2014 թվականի դեկտեմբերին: Նա մեղադրական եզրակացություն էր պատրաստել Դինքի սպանության ժամանակ Ստամբուլի անվտանգության նախկին տնօրեն Ջալալեթին Ջեռահի, հետախուզական վարչության նախկին պետ Սաբրի Ուզունի, Տրապիզոնի անվտանգության նախկին տնօրեն Ռեշաթ Ալթայի եւ հետախուզական վարչության ղեկավար Էնգին Դինչի հետ միասին 26 պետական պաշտոնայաների վերաբերյալ: Մեղադրական եզրակացությունը Գլխավոր դատախազության կողմից երկու անգամ վերադարձվել էր նրան` դրանցում առկա «թերությունների» հիմնավորմամբ:
Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին` խմբագրությանառջեւ նրա վրա կատարված զինված հարձակման արդյունքում:
2012 թվականի հունվարի 17-ին դատարանի որոշմամբ` Դինքի սպանության կազմակերպիչ Յասին Հայալը ցմահբանտարկության դատապարտվեց, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը` 22 տարվա ազատազրկման:
2014 թվականի հոկտեմբերին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 5-րդ դատարանը որոշում էր կայացրել ՀրանտԴինքի սպանության գործով դատավարությունը սկսել զրոյից:
Այս անգամ բոլոր ամբաստանյալներին պետք է առաջադրվեր «հանցավոր խմբավորման ստեղծման եւ կառավարման կամ դրանում մասնակցություն ունենալու» մեղադրանք: Բացի այդ, որոշումներ էին ընդունվել Դինքի սպանության ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցրած 9 անձանց, այդ թվում` Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջելալեթին Ջերահի նկատմամբ դատական գործեր հարուցելու կապակցությամբ:



