Ադրբեջանական նավթը խիստ էժանացել է
ECONOMICSԱդրբեջանական նավթի էժանացումը շարունակվում է: Վրաստանի Սուփսա, Բաթում եւ Թուրքիայի Ջեյհան նավահանգիստներով փոխադրվող եւ համաշխարհային շուկաներում իրացվող ադրբեջանական Azeri LT CIF տեսակի նավթի մեկ բարելն այսօր 3,47 տոկոսով կամ 1,18 դոլարով էժանացել է: Դա պայմանավորված է այն բանով, որ Նավթ արդյունահանող երկրների միությունը` OPEC-ը որոշել է չնվազեցնել նավթի արդյունահանման ծավալերը:
Այս մասին, ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, հայտնում է fins.azլրատվական կայքը` նշելով, որ ներկայում Azeri LT CIF տեսակի նավթի գինը մեկ բարելի դիմաց հասել է 32,81 դոլարի:
Azeri LT CIF տեսակի նավթի նվազագույն գինը` մեկ բարելի դիմաց 19,15 դոլար գրանցվել է 2001 թվականի դեկտեմբերին, իսկ առավելագույն գինը` 149,66 դոլար 2008 թվականի հուլիսին:
Ներկա դրությամբ` համաշխարհային շուկայում Brent տեսակի նավթի մեկ բարելն արժե 31,20 դոլար, WTI նավթի մեկ բարելը` 30,79 դոլար:
Ադրբեջանի պետական մաքսային ծառայության զեկույցում նշվում է, որ անցյալ տարվանից սկսված նավթի էժանացման արդյունքում Ադրբեջանի նավթային եկամուտները անցյալ նոյեմբերի դրությամբ մոտ 9 մլրդ դոլարով նվազել են:
Նավթի համաշխարհային գների եւ մանաթի փոխարժեքի անկման պատճառով Ադրբեջանի տնտեսությունը հայտնվել է ճգնաժամի մեջ. փակվել են նավթաարդյունաբերության մի շարք ձեռնարկություններ, պետական եւ մասնավոր հաստատություներ, հազարավոր աշխատավորներ գործազուրկ են դարձել, Ադրբեջանի տնտեսական աճն օրեցօր նվազում է, միջազգային վարկանիշային գործակալությունների համաձայն` Ադրբեջանական բանկերը կանգնած են ռիսկի սահմանին:
Ադրբեջանի բյուջեն դեֆիցիտային է դարձել: Եկող տարվա բյուջեն անցյալ տարվա պետբյուջեից մոտ 2 անգամ փոքր է սահմանվել. երկու անգամ կրճատվել է նաեւ Ադրբեջանի 2016 թվականի ռազմական բյուջեն` սահմանվելով մոտ 1,7 մլրդ դոլար: Ադրբեջանի 2016 թվականի պետբյուջեի ծախսային մասը 3,1 մլրդ մանաթով կամ 15 տոկոսով կրճատվել է:
Ադրբեջանի 2016 պետբյուջեի օրենքի համաձայն` պետբյուջե եկամտային մասը կանխատեսվում է 14,566 մլրդ մանաթ, ինչը կկազմի ՀՆԱ-ի 25,2 տոկոսը: Պետբյուջեի ծախսերը կկազմեն 16,264 մլրդ մանաթ, կամ ՀՆԱ-ի 28,2 տոկոսը: Դեֆիցիտը կկազմի 1 մլրդ 698 մլն մանաթ, կամ ՀՆԱ-ի 2,9 տոկոսը:
Բյուջետային ցուցանիշները կազմվել են մեկ բարելի դիմաց նավթի գինը 50 դոլարի չափով եւ մեկ դոլարի դիմաց մանաթի 1,05 փոխարժեքի կանխատեսմամբ:
Ադրբեջանի պետբյուջեն եւ պաշտպանական ոլորտի համար հատկացումները, անցյալ տարվա եղածի համեմատ, գրեթե երկու անգամ նվազելը կապված է նավթի գների շարունակական անկման հետ:
ԱՄՆ-ի հեղինակավոր Morgan Stanley, Goldman Sachs եւ Citigroup բանկերի կանխատեսումներով` մոտ ժամանակում նավթիհամաշխարհային գինը կարող է մեկ բարելի դիմաց կազմել մոտ 20 դոլար:
Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:
Ադրբեջանի 2016 թվականի պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի համար նախատեսված է 50 դոլար: Ներկայում այն արդեն պետբյուջեում նախատեսվածից մոտ 18 դոլարով ցածր է: