Իտալական շուկան առավել հասանելի կդառնա հայ գործարարների համար. կայացավ Հայ-Իտալական «Ամրապնդելով գործընկերային կապերը» ֆորումը
SOCIETYՀայ Գործարարների Ասոցիացիան Էկոնոմիկայի նախարարության և Իտալա-Ռուսական Առևտրային Պալատի հետ համատեղ սեպտեմբերի 5-ին Երևանում անցկացրեց Հայ-Իտալական «Ամրապնդելով գործընկերային կապերը» ֆորումը։
Ֆորումին մեկնարկ տրվեց Հայ Գործարարների Ասոցիացիայի և Իտալա-Ռուսական Առևտրային Պալատի միջև կնքված հուշագրի արդյունքում մշակված նոր թվային հարթակին։
Այսուհետ, ցանկացած հայ գործարար լրացնելով հայտադիմում https://www.armassociation.com/hy/partners կայքում և նշելով, թե իտալական որ ընկերության հետ է ցանկանում աշխատել, կարող է օրերի ընթացքում ուղիղ կապ հաստատել տվյալ գործընկերոջ հետ։
Ֆորումին ելույթ են ունեցել ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը, Իտալա-Ռուսական Առևտրային Պալատի նախագահ Ֆերդինանդո Պելացոն, Հայ Գործարարների Ասոցիացիայի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանը, Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը և Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո դի Ռիզոն։
ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը իր խոսքում նշեց իտալա-հայկական տնտեսական հարաբերությունների զգալի աճի մասին.
«Հայաստանի Հանրապետության առևտրաշրջանառությունը Իտալիայի հետ 2023 թվականի հունվար-հունիս ամիսներին կազմել է 200․0 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 41․0%-ով»
Միջոցառմանը ներկա գտնվեց 180 հայ և առցանց միացված 100-ից ավել իտալացի գործարարներ։
Միջոցառումն անցկացվեց «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ: