Եվրոպացի արտադրողները դժգոհ են Չինաստանի էքսպանսիայից
ECONOMICSԵվրոպայում վերականգնվող էներգիայի սարքավորումների արտադրողները դիմել են Եվրահանձնաժողով և բողոքել արևային վահանակների և այլ սարքավորումների գների կտրուկ իջեցման դեմ։ Գների նվազումը հանգեցնում է եվրոպական արտադրողների սնանկացմանը, իսկ դրա հիմնական մեղավորը չինացի արտադրողներն են, որոնք էքսպանսիա են իրականացնում եվրոպական շուկա՝ անընդհատ նվազեցնելով իրենց արտադրանքի գները։
Ներկայումս Եվրոպայում արևային էլեկտրակայանների մեծամասնությունն աշխատում են չինական վահանակների և այլ դետալների հիման վրա։ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները հայտնել են, թե տեղյակ են արտադրողների խնդրից և քննարկում են նոր օրենք, որը կաջակցի վերականգնվող էներգիայի աղբյուրների բաղադրիչների տեղական արտադրողներին։ Փաստացի, ըստ էության, Եվրամիությունում ցանկանում են նոր մաքսատուրքեր մտցնել Չինաստանից ներկրվող սարքավորումների վրա, ինչը կհարկադրի չինացի արտադրողներին բարձրացնել իրենց սարքավորումների գները։
Նախօրեին Եվրահանձնաժողովում քվեարկել են էներգետիկայի ոլորտում վերականգնվող էներգիայի աղբյուրների առաջանցիկ զարգացման օրենքի ընդունման օգտին, դրա համաձայն խթանելու են քամու և արևային էներգետիկայի ոլորտում ներդրումները, բացի այդ օրենքը նախատեսում է արևային էներգիան օգտագործել արդյունաբերության և տրանսպորտի մեջ և համապատասխան ժամկետներ է դնում։
Եթե Եվրամիությունում կտրուկ քայլեր չիրականացնեն, ապա չինացիները շատ կարճ ժամանակահատվածում ընդհանրապես կվերացնեն Եվրոպայում արևային սարքավորումներ արտադրող ձեռնարկությունները և լիակատար վերահսկողություն կսահմանեն այդ ոլորտում, ինչն առաջին հերթին քաղաքական որոշման արդյունք է։
Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։
Աննա Մարգարյան