«Ռեալ Սոլթ Լեյք»-ը բանակցում է Յուրա Մովսիսյանի տրանսֆերը ձեռք բերելու շուրջ
SPORTԱմերիկյան ՄԼՍ-ում հանդես եկող «Ռեալ Սոլթ Լեյք» ակումբի գլխավոր մարզիչ Ջեֆ Կասարը հաստատել է, որ ակումբը բանակցություններ է վարում Մոսկվայի «Սպարտակ»-ի հետ՝ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի տրանսֆերային իրավունքները ձեռք բերելու համար:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Sbisoccer-ը, Ջեֆ Կասարը հայտարարել է, որ բանակցությունները շարունակվում են և հույս է հայտնել, որ շուտով կհայտարարվի Յուրա Մովսիսյանի տրանսֆերի մասին: «Սակայն ես չեմ կարող ասել, թե դա երբ կլինի»,- նշել է ամերիկյան ակումբի մարզիչը:
Կասարի խոսքով՝ Յուրա Մովսիսյանը ուժեղ և դինամիկ հարձակվող է, ով կարող է օգտագործել իր պահերը և գոլեր խփել: «Եթե դուք նկատեք, թե ինչպես է զարգացել նրա կարիերան այն պահից, երբ նա լքել է մեր թիմը, կտեսնեք, որ նա շատ վտանգավոր հարձակվող է, ով շատ գոլեր է հեղինակում: Ես իսկապես սպասում եմ, որ մենք կկարողանանք նրանով ուժեղացնել մեր հարձակողական ներուժը»,- ասել է մարզիչը: