Սիրո պատմություն և հրաշքներ, որոնք կատարվում են բեմում. Կամերային թատրոնի խաղացանկը համալրվել է «Սասունցի David Copperfield» ներկայացմամբ (լուսանկարներ)
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հրաշագործ Դեյվիդ Կոպերֆիլդն իր ֆոկուսները ցուցադրում է հենց հայ հանդիսատեսի համար, ամեն բան հիանալի է,, իսկ հանդիսատես՝ը՝ ապշած, բայց հրաշքների ցուցադրությունն ընդհատվում է երկու հայ հանդիսատեսի պատճառով, որոնք թերահավատորեն են մոտենում ելույթին և առհասարակ Դեյվիդ Կոպերֆիլդին: Ահա, թե ինչ է կատարվում Կամերային թատրոնի բեմում, որը խաղացանկը համալրվել է նոր՝ «Սասունցի David Copperfield» ներկայացմամբ:
Tert.am Life-ը ներկա է եղել ներկայացմանը՝ զրուցելով թատրոնի դերասանների հետ:
Դեյվիդ Կոպերֆիլդին մարմնավորում է երիտասարդ դերասան Ավետ Զոհրաբյանը, որն այս շրջանում նաև նկարահանվում է «Գերիներ» հեռուստասերիալում: Դերասանը մեզ հետ զրույցում նշեց, որ վատառողջ է, բայց դա որևէ կերպ չի անդրադառնալու իր խաղին:
«Մենք երկար ենք նախապատրաստվել ներկայացմանը և իր ժանրով սա բարդ ներկայացում է, քանի որ այստեղ պետք են հստակ հմտություններ: Աճպարարություն ենք սովորել, որպեսզի կարողանանք այդ ֆոկուսներն իրականացնել և հրաշքները, որոնք կատարվում են բեմում իսկապես հրաշքներ են և չենք կիրառում լուսային, ձայնային և վիզուալ էֆֆեկտներ: Աննկարագրելի զգացողություն է, երբ ամեն ֆոկուսից հետո տեսնում ես հանդիսատեսին, որը փորձում է կռահել՝ ինչպես եղավ ամեն բան»,- ասաց Ավետ Զոհրաբյանը:
Դերասանը նաև պատմեց «մահվան սղոց» հնարքի մասին, որը հենց ինքն է կատարում և մանրամասնեց, որ ամեն ներկայացման համար նա տարբեր հմտություններ է սովորել, որպեսզի կարողանա ճիշտ մատուցել կերպարը:
«Մենք տևական ժամանակ նաև փորձում էինք այդ հնարքները և այս ներկայացման մեջ հետաքրքիր է, որ պետք է շատ ճկուն լինենք, օրգանիկ լինենք հանդիսատեսի հետ, քանի որ սա նաև ինտերակտիվ ներկայացում է և հանդիսատեսը ևս ներգրավված է ընթացքի մեջ: Մենք նաև երկար նախապատրաստվել ենք, քանի որ ներկայացումը և մեր տեքստերն անգլերեն են և պետք էր շատ հարթ կերպով խոսել, մտածել աճպարարության և խաղընկերների մասին»,- նշեց դերասանը:
Ներկայացումն առաջին անգամ խաղացանկում է եղել 20 տարի առաջ, բայց պիեսի հեղինակ և բեմադրող ռեժիսոր Արա Երնջակյանն այն արդիական է համարում մեր օրերում: Դեյվիդ Կոպերֆիլդի ասիստենտի դերը մարմնավորում է Էրմինա Զախարովան, որին 20 տարիա առաջ մարմնավորում էր դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
Մեզ հետ զրույցում Էրմինա Զախարովան նշում է, որ նման փորձն ու ժանրը հետաքրքիր են իր համար:
«Հետաքրքիր է, որ սցենարային առումով գրեթե փոփոխություններ չկան և ամեն բան կրկնվում է և արդիական է մեր օրերում: 4 ամիս շարունակ մենք փորձեր ենք իրականացրել, որպեսզի կարողանանք հնարքները ճիշտ մատուցել, բայց դրանից զատ հետաքրքիր է նաև սիրո պատմությունը, որը ծավալվում է հենց բեմում, երբ հերոսուհիս, որը ապրել և մեծացել է Լոս Անջելեսում սիրահարվում է հայ երիտասարդ, որն այլ կերպ է ցույց տալիս իր սերը, մասնավորապես՝ խաչքար նվիրելով»,- ասաց Էրմինա Զախարովան:
Նշենք, որ ներկայացման մեջ զբաղված են նաև Ժորա Մարտիրոսյանը, Նարեկ Ալեքսանյանը, Մհեր Ալաբեգյանը, Վիկտորյա Սահակյանը և այլք:
Լուսանկարները՝ Վերոնիկա Բադալյան