Փոքրամասնության միջոցով կարողանում է իր քաղաքական նպատակներին հասնել նույնիսկ քրեական «գործերով»․ «Փաստ»
POLITICS«Փաստ» օրաթերթը գրում է.
Ինչպես հայտնի է, նախօրեին դատարանը ևս երկու ամսով երկարաձգեց Լևոն Քոչարյանի կալանքի ժամկետը: Սակայն, մեր տեղեկություններով, իշխանությունների համար ցանկալի նման որոշման հասնելն այնքան էլ դյուրին չի եղել: Բանն այն է, որ այս գործից հրաժարվել են բազմաթիվ քննիչներ ու դատախազներ՝ վստահ, որ այն ամբողջությամբ «ջուր» է, իսկ խափանման միջոցը կալանքն ընտրելը բացարձակապես հիմնավորված չէ: Այդուամենայնիվ, իշխանություններին հաջողվել է գտնել մի քանիսին, որոնք համաձայնել են հասնել իշխանահաճո ընթացքի:
Մասնավորաբար, խոսքը քննիչներ Արման Գրիգորյանի և Հակոբ Շահբանդարյանի մասին է, որոնցից վերջինն, օրինակ՝ արդեն հայտնի է հանրությանը՝ որպես զոհվածի ծնողին առանց որևէ դժվարության կալանքի միջնորդություն ներկայացրած անձ (Աշոտ Փաշինյանի գործով), այն դեպքում, երբ բազմաթիվ քննիչներ ուղղակի հրաժարվել են այդ գործին նույնիսկ մոտենալ: Դատախազը հանրությանն ու անգամ համակարգում անհայտ անձնավորություն է՝ Արթուր Դանիել յան, որին վերջին շրջանում առավել շատ են «ուղարկում» այն գործերով, որոնց ուրիշ դատախազները չեն ցանկանում առնչվել:
Ինչ վերաբերում է դատավորին, ապա խոսքը Մասիս Մելքոնյանի մասին է, որը ոչ վաղ անցյալում եղել է Արամ Զ. Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության անդամ: Նա նիստի ժամանակ «համբերատար» լսել է բոլոր հիմնավորումները, որ Լևոն Քոչարյանը չէր կարող հարվածած լինել, այդ ամենն ընդունել է, ի հակառակ դատախազի ու քննիչի, որոնք որևէ հիմնավորում չեն ունեցել, բայց վերջում որոշել է կալանքը երկարաձգել:
Մի խոսքով, ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ այս ոլորտում է հաջողում փոքրամասնության միջոցով իր քաղաքական նպատակներին հասնել: Ընդ որում, խոսքը վերաբերում է նաև ոստիկանությանը, որտեղ ևս մեծ մասը հակված չէ դառնալ մեկ անձի քաղաքական շահերի կամակատար, ուստի Փաշինյանը հույսը դրել է փոքրաթիվ բերետավորների վրա, այդ թվում՝ պարգևավճարների միջոցով:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում