Կիրիլ պատրիարքի հայտարարությունն անհետեւանք չի մնացել. ռուսահայերն ընդվզում են
INTERNATIONAL NEWSԵրեկ Սանկտ Պետերբուրգի եւ այլ քաղաքների, որոնց անվանումները չի նշվում, հայ համայնքի ակտիվիստների մի խումբ, մտահոգ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հունվարի 7-ի հայտարարությամբ, թե անգամ Օսմանյան կայսրությունում քրիստոնյաների հետապնդում չի եղել, պատրաստվել է 15 էջանոց բաց նամակ: Այս մասին տեղեկանում ենք Պետերբուրգի հայ համայնքի մեր աղբյուրներից: Նամակն ուղարկվել է Սանկտ Պետերբուրգի եւ Լադոժսկի միտրոպոլիտ Վարսոնոֆի սրբազանին: Տեքստում հայ համայնքի ներկայացուցիչները Համայն Ռուսիո պատրիարքի հարցազրույցի վերաբերյալ իրենց դիրքորոշումն են հայտնել՝ նշելով, որ այնտեղ իրականությունը խեղաթյուրվել է: Նամակագիրները նաեւ եկեղեցականների հետ հանդիպման եւ հարցը հանգիստ քննարկելու առաջարկով են հանդես եկել:
Պետք է նշել, որ նամակում բավական համարձակ ձեւակերպումներ կան: «Բոլորն էլ մեղավոր են եւ սխալներ գործում են: Հունվարի 7-ին Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում Սրբազնագույն Կիրիլ պատրիարքի արտահայտությունը համարում ենք անթույլատրելի սխալ, ինչպես նաեւ պատրիարքի մամլո քարտուղար Ալեքսանդր Վոլկովի բացատրությունն այդ թեմայով համարում ենք ոչ բավարար: Պատմական ռուս-հայկական հոգեւոր, մշակութային, այսօր նաեւ ռազմավարական հարաբերությունները մեծ արժեքներ են, որը պարտավոր ենք պահել, զարգացնել եւ փոխանցել հաջորդ սերունդներին: Ցավոք, ոչ առանց սխալների, փչացել են Ռուսաստանի հարաբերությունները բազմաթիվ քրիստոնեական բարեկամ երկրների հետ: Եվ ամեն անգամ դրանց հիմքում եղել են «պատահական սխալներ», ոչ միայն պատմական, այլեւ ներկայիս արագ փոփոխվող իրականության սխալ գնահատականներ: Մեր ասածն այն է, որ նույն ճակատագիրը բաժին չհասնի հայ-ռուսական հարաբերություններին»,-սա մեջբերում էր ռուսահայերի նամակից:
Նամակը ստորագրել է 30 անձ, որից 16-ը Պետերբուրգից, մյուսները՝ այլ քաղաքներից: Հայտարարությունը համացանցում տեղադրված է, որպեսզի ցանկացողները միանան դրան:
Գագիկ Աղբալյան



