Yerevan, 05.December.2025,
00
:
00
BREAKING


«Զինվորն ավելի լավ է զոհվի, բայց դրոշը պահի կյանքի գնով». կրտսեր սերժանտ Դավիթ Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին, տուն «վերադարձել»՝ չորս ամիս անց. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Դավիթս պայծառ և ուրախ էր, համով չարաճճի, հումորով ու ազնիվ: Երբեմն իրեն ասում էի՝ հնարավոր է՝ քո ազնվությունից տուժես: Մենք էինք իրեն այդպիսին դաստիարակել, բայց երբեմն նեղվում էինք իր պարզությունից»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Կարինեն՝ Դավթի մայրիկը:

Նշում է՝ որդին սիրում էր սովորել, խելացի էր: Դպրոցի մասին զրուցելիս մայրիկը մի դրվագ է վերհիշում. «Ուսուցչուհին մի օր ասում է՝ ձեր աչքերը փակեք և պատկերացրեք, որ խնձոր եք ուտում: Բոլորն աչքերը փակում են և իբր իրենց խնձորն են կծում, իսկ Դավիթը զարմացած նայում է ուսուցչուհուն, և նրա հարցին ի պատասխան, թե ինչո՞ւ չես կծում քո խնձորը, ասում է՝ բայց իմ խնձորը որդնած էր: Շատ հումորով էր»: Դպրոցն ավարտելու տարիներին Դավթի հետաքրքրությունը նկատելի էր հատկապես ֆիզիկայի հանդեպ: «Ուզում էր ընդունվել Պոլիտեխնիկ, պարապում էր, ֆիզիկայի հանդեպ այդ ընթացքում սերն ավելի մեծացավ, կար նաև բուհ ընդունվելու համար իր հետ պարապող ուսուցչի գործոնը: Ընդունվեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Տեղեկատվական տեխնոլոգիաների ֆակուլտետի տնտեսագիտության բաժին: Հասցրեց ուսանող լինել: Սիրով դասերի էր հաճախում»:

2020 թ. հունվարի 8-ին Դավիթը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Վեց ամիս ծառայել է Գյումրիում՝ հակատանկային գումարտակում, հետո տեղափոխվել է Սանասար (Կուբաթլու): «Շատ սիրով պատրաստվեց ու մեկնեց զինծառայության: Ավանից յոթ ընկեր միանգամից նույն տեղը զորակոչվեցին: Դա էլ նպաստեց, որ ավելի հանգիստ վերաբերվի ծառայությանը: Ոչ մի անգամ որևէ բանից չի տրտնջացել, իր բնավորությամբ այդպիսին չէր: Դեռ պատերազմից առաջ մի օր զրուցում էինք, հարցրեց՝ մա՛մ, ի՞նչ է կատարվում երկրում, քաղաքում: Համավարակի շրջանն էր, սկսեցինք զրուցել, պատմեցի բոլորից, նորություններով կիսվեցի իր հետ: «Մա՛մ, ամեն ինչ լավ է, բոլորից տեղյակ եմ, բոլորը լավ են, բայց քանի որ արդեն զինվոր եմ, պետք է մոռանամ քաղաքացիական կյանքը և մտածեմ միայն իմ զինվորական առօրյայի մասին»:

Հետո սկսեց ոգևորված իր զենքի մասին պատմել, հարցրեց՝ մամա՛, գիտե՞ս, թե իմ զենքի անունն ինչ է: Չգիտեի, ասաց՝ ֆագոտ: Արձագանքեցի՝ ֆագոտն ի՞նչ է: «Մամա՛, գուգլը բացի ու կտեսնես, թե քո տղեն ինչ զենքի է տիրապետում»: Հաշվարկներից շատ լավ էր, և իրեն վստահել էին այդ զենքը»: Մայրիկը հիշում է՝ երբ որդուն ինչ-որ քաղցրավենիք պիտի ուղարկեին, պարտադիր պիտի հուշեր՝ տղաներից մեկն այսինչ բանն է սիրում, մյուսն՝ այնինչը, և այսպես շարունակ: «Գիտեմ, որ միայն իմ Դավիթն այդպիսին չէր, բոլոր տղաներն էին կիսվում իրենց ունեցածով»: Մայրիկի ու որդու զրույցները մի տեսակ յուրահատուկ են եղել: Երբեմն-երբեմն Դավիթը սկսել է պատերազմի մասին խոսել: «Այդ օրերին վատ հոգեվիճակում էի, զրուցում էինք, ապրիլն էր, պատերազմի մասին անգամ խոսք չկար: Պատմում էր՝ որ պատերազմ լինի, զինվորն իրեն ինչպես պիտի պահի, որ չպետք է թույլ տա իր զենքը գողանալ, դա թուլության նշան է, դրոշն այնքան կարևոր է, չպետք է թույլ տաս, որ այն տանեն՝ «պատերազմի ժամանակ զինվորն ավելի լավ է զոհվի, բայց դրոշը պահի կյանքի գնով»: Սեպտեմբերի 22-ին մայրիկը, հայրիկն ու քույրիկը ուղևորվում են Սանասար Դավթին տեսնելու:

«Զրույցի ժամանակ ինձ ցույց է տալիս իր գլխարկն ու ասում, որ այնտեղ թվեր կան գրված, հարցնում եմ՝ ի՞նչ թվեր, Դավի՛թ, «որ պատերազմ լինի, այդ թվերով ինձ պիտի գտնեք»: Հետո գոտին պտտեցրեց. «Տե՛ս, մա՛մ, նույն թվերն էլ այստեղ են գրված: Որ պատերազմի ժամանակ գլխարկիս հետ մի բան լինի, գոտիի թվերով կգտնեն»: Վերադարձանք Երևան: Սեպտեմբերի 25-ին զանգահարեց, իրեն ժամանակ առ ժամանակ գումար էինք փոխանցում, որ անհրաժեշտության դեպքում օգտագործի: Երբ այդ օրը հարցրեցի՝ պապան գումար փոխանցի՞, մերժեց՝ մա՛մ, մեր էլ ինչին է պետք փողը, պետք չի: Այդքանով թեման փակվեց: Այդ ժամանակ Դավիթն արդեն Ջրականի ճանապարհին էր, չնայած ինձ ոչինչ չասաց այդ մասին: Հետո սկսվեց պատերազմը: Ամեն օր խոսել ենք, միշտ ասում էր, որ ամեն ինչ լավ է, մեզ մոտ հանգիստ է: Նույն խոսքերը, ինչ ասում էին բոլոր տղաները: Դավիթին գտնելուց հետո ամուսինս հանդիպեց իր հրամանատարին, նա շատ բաներ էր պատմել, ասել է՝ քաջ ու հերոս տղա է եղել Դավիթը: Քաջալերել է տղաներին, նրանցից մեկը պատմում է, որ պատերազմի թեժ պահերին հումոր էր անում: Ցուրտ է եղել, չոր խոտերը բերել ու լցրել է իր ու ընկերոջ վրա, որ տաքանան: Ընկերն է նշում՝ նույնիսկ այդ պահին հումոր էր անում, ասում՝ ծղոտների մեջ պառկած ենք»:

Որդու հետ վերջին զրույցը եղել է հոկտեմբերի 2-ին. «Ինձ մեղավոր եմ զգում, որ թույլ չէի տալիս երկար խոսել, վախենում էի, որ նա կարող է ԱԹՍ-ների համար թիրախ դառնալ: Հարցնում էր՝ մա՛մ ջան, ի՞նչ են ասում մեր մասին, ասում էր՝ մա՛մ ջան, հանկարծ չնեղվես, դուխդ չգցես»: Դավիթը զոհվել է հոկտեմբերի 4-ին ԱԹՍ-ի հարվածից: «Հոկտեմբերի 2-ից հետո իրենից որևէ զանգ չենք ստացել: Չէինք էլ կարող պատկերացնել, թե նրա հետ ինչ է պատահել, նույն կերպ՝ նաև իր զինակից ընկերները, ասում էին՝ Դավիթը չի կարող զոհված լինել: Չորս ամիս փնտրում էինք նրան: 2021 թ. հունվարի 28-ին իր հրաժեշտի օրն էր: Ի դեպ, մի տեսանյութ կա՝ հունվարի 28-ին Գյումրիի մշակույթի կենտրոնում տղաները պարում են, նրանց մեջ նաև Դավիթն է: Ո՞ւմ մտքով կանցներ, որ մեկ տարի անց այդ օրն իր համար լրիվ այլ նշանակություն է ունենալու»: Որդու ֆիզիկական բացակայության օրերին տիկին Կարինեն ուժ է գտել կյանքը շարունակելու:

«Վշտի տարբեր փուլերով եմ անցել ու անցնում: Ինձ ապրելու ուժ տվեց իմ աղջիկը: Մտածել եմ, որ նա իր եղբորն է կորցրել, իր հայրական տան տաքուկ խաղաղությունը: Սկզբում մտածում էի՝ ավելի լավ է չապրեմ, բայց դա մի քանի օր տևեց: Հետո հասկացա, որ ինձ հետ հավասար ու գուցե ինձանից ավելի տանջվում է իմ ամուսինը: Երբ տանն էի փակվել իմ վշտի հետ, ի տարբերություն ինձ, ամուսինս, իր ցավը սրտում, կարողացել էր անգամ մի քանի անգամ օգնություն ուղարկել Արցախ: Դավթին սպասելով, ցավը սրտում, մի աչքը թաց, մեկը՝ չոր, կարողացել է շատ բան անել: Ինչպե՞ս կարող էի այդ իրավիճակում ինձ եսասերի պես պահել: Ուղղակի ամեն օր քնելիս մտածում եմ՝ մեկ օրով էլ մեծացա: Ուզում եմ հավատալ, որ մի օր Դավիթի հետ հանդիպելու եմ: Ցավն այնքան մեծ է, որ քանի տարի էլ անցնի, ոչինչ չի փոխվելու: Հիմա շատ է խեղդում կարոտը: Օրեր առաջ քնած էի, և Դավթի ձայնն ընկավ ականջիս, ու վեր թռա քնից՝ «մա՛մ, տուն եմ գալիս, ի՞նչ բերեմ»»: Զրույցի ամենադժվար րոպեները: «Ես երեք երեխա ունեի, հիմա միայն մեծ աղջիկս է հետս: Միջնեկ աղջկաս՝ Լիլիթիս, Դավթիցս չորս ամիս առաջ եմ կորցրել հիվանդության պատճառով: Ես երևի ապառաժ եմ, որ այսքան դիմանում եմ»:

Հ. Գ. - Կրտսեր սերժանտ Դավիթ Խաչատրյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Կոտայքի մարզի Գետարգել գյուղի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Issues the First in Armenia Perpetual Bonds Team Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three YearsApply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMDEuromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “B” with a “stable” prospectAn unprecedented Evening for the Armenian Fashion and Hospitality Industry: World-Renowned Dress Designer Jacob Meyer Presents His Masterpieces at the ONE&ONLY Antigravity Theatre in The Dvin HotelA Brand-New Section on Idram&IDBankSeveral real and profitable offers ahead of Black Friday: IDBank and IdramAraratBank Joins Social Impact Award 2025 Summit in LjubljanaIDBank issued the 1st tranche of bonds of 2026Ucom Supports the Development of Space Engineering in Armenia Prioritizing Information Security: IDBank and Idram Support APOCALYPSE CTF 2025IDBank's Representative, Innesa Amirbekyan Appointed Co-Chair of the ICC Banking Commission Task Force on GuaranteesUcom General Director Ralph Yirikian Awards Certificates to Participants of Cybersecurity Training Course Acba and Proparco mark one year of partnership, strengthening rural financing and Armenias’s economic resilienceAraratBank and Arca's joint campaign has endedIDBank: A Pioneer of Digital Banking and Innovation in ArmeniaGRAWE Group and C-Quadrat Investment Group have announced plans to acquire 100% of LIGA Insurance Company in Armenia Ucom Supports the Annual “Capture the Flag 2025” Cybersecurity Competition Financially Literate with Idram and IDBank: Next Stop – Nairi CampIdram received a permit to establish and operate the Armenian payment and settlement QR system IdramNetUcom Completes the Deployment of its 5G Network Across All Cities of Armenia Firebird, Inc. Secures U.S. Export License and Announces Dell Technologies as a Technology Partner, Establishing Major Milestones in Armenia’s AI and Digital FutureIDBank Receives Permission to Open a Representative Office in the United StatesRoboTon 2025 Competition Held with Idram’s Sponsorship“Armenian potential in Spain: Arman Mayilyan as a guest on the ‘Armenian Diaspora Communities’ program.” Final Results of the 20th Annual International Microelectronics Olympiad AnnouncedUnibank's VISA DIGITAL cards are now free Arca National Payment System, Bank of Georgia and Ameriabank Signed a Memorandum of UnderstandingIdram has been awarded the prestigious “Beyond Payments Awards” by Ant InternationalSTEM Acceleration Award 2025 Held with Idram’s SupportSolar Power is Generated in Kechut Community Through the Efforts of Ucom and SunChild Idram Announces Partnership with WeChat PayAraratBank: Transfer Your Mortgage Loan and Repay It on Attractive Terms: JOIN US“The Power of One Dram” as the Main Supporter of the National Hackathon AI4Biodiversity: AI Solutions for NatureSpeed-Mentoring Event Accelerates Green Innovations within the Ucom Fellowship Program Ucom Supports the Development of High-Tech Education in Armenia Dalan Technopark announces its first bond issuance. Placement Partner is Cube InvestIdram Junior Participants Receive Prizes: The First Junius Financial Literacy Competition ConcludesLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future Foundation5,312,038 AMD for “Symphonic Forest”: the November beneficiary is AI4Biodiversity: AI Solutions for Nature, a national hackathonUcom’s Green Initiative Reaches Urtsadzor AraratBank Honoured with STP Award by Commerzbank AG Compelling Business Loan Offer from AraratBank: JOIN US AraratBank – Title Sponsor of Urartu Football Club