Yerevan, 05.December.2025,
00
:
00
BREAKING


«Ինձ հերոս պետք չէր, ինձ Դավիթս էր պետք, որ չոր աչքով ու ժպիտը դեմքիս ապրեի». 44-օրյա պատերազմ վերապրած Դավիթ Վարդանյանը զոհվել է խաղաղ պայմաններում՝ թշնամու կրակոցից. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Դավիթին հարգել են թե՛ դպրոցում, թե՛ գյուղում, թե՛ Արմավիրում: Այնպես չէ, որ իմ երեխան է և գովում եմ, շատերն են իրեն ճանաչում, և ուղղակի գովեստի խոսքեր ասել չեմ կարող: Ծառայությունը շատ կոփեց տղայիս, կարծես կյանք տեսած հասուն մարդ լիներ: Դավիթը փոքր տարիքում եղել է շատ խելոք ու համեստ, իհարկե, որպես երեխա՝ իր չարաճճիություններն էլ ուներ: Դպրոցական տարիներին՝ չորրորդից մինչև յոթերորդ դասարան, պարապել է քիքբոքսինգ, ունի բազմաթիվ մեդալներ ու պատվոգրեր, շատ տեղերում մրցումների է մասնակցել: Պետք է մեկներ Վրաստան՝ մասնակցելու աշխարհի առաջնության, բայց ձեռքի վնասվածքի պատճառով բժիշկները թույլ չտվեցին: Այդ պատճառով յոթերորդ դասարանում թողեց սպորտը: Դպրոցական տարիքում ամառային արձակուրդների ժամանակ աշխատում էր, առհասարակ շատ աշխատասեր էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Դավթի հայրիկը՝ Վահանը:

Որդու դպրոցական տարիների մասին խոսելիս այնքան պարզ է արտահայտվում: «Խելացի էր, ընդունակ, բայց սովորելու հետ սեր չուներ: Մաթեմատիկայից շատ ուժեղ էր: Ավելի լավ է իրեն ասեիր՝ այս ծանր աշխատանքը պիտի անես, քան մեկ թերթ ինչ-որ բան կարդաս: Ինքն էլ այդպիսին էր: Բայց ուսուցիչները, տնօրենն իրեն շատ էին սիրում: Երբ Արմավիրի թիվ 4 դպրոցի բակում խաչքար տեղադրեցի, տնօրենն այդ օրն ասաց՝ երանի այս խաչքարը չդրվեր, Դավիթն այսօր այստեղ լիներ, Դավիթն ուրիշ էր, տարբերվող»: Դավիթն ընդունվել էր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ, ցանկանում էր հրշեջ-փրկարար դառնալ, տարկետում է ստանում, ուսումը շարունակելու էր զորացրվելուց հետո: Ցանկանում էր նաև ավտոէլեկտրիկի գործը սովորել: «Աշխատասեր էր, ձգտող, մեզ միշտ հպարտանալու առիթներ էր տալիս»,- նշում է հայրիկը:

Դավիթը պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել 2020 թ. օգոստոսի 11- ին: Ստեփանակերտում մեկ ամիս «կարանտին» անցկացնելուց հետո նրան տեղափոխում են Եղնիկներ: «Դեռ ժամանակ ուներ զորակոչվելու համար, բայց քանի որ իր բոլոր ընկերներն արդեն մեկնել էին ծառայության, ինքն անհամբեր էր դարձել: Գնացել էր զինկոմիսարիատ, հետաքրքրվել, թե ինչու իրեն էլ չեն տանում ծառայության, ասել էին՝ դեռ վեց ամիս ունես, արձագանքել էր՝ կապ չունի, ես հիմա եմ ուզում գնալ: Ուրախ-ուրախ եկավ տուն, թուղթը տվեց ինձ՝ իմ ծանուցագիրն է, գնում եմ բանակ: Քեֆ-ուրախությամբ Դավիթին ճանապարհեցինք ծառայության: Եղնիկներում կապն այնքան էլ լավը չէր, միշտ ասում էր՝ պա՛պ, մի մեծ քար կա, դրա մոտ պիտի հասնեմ, որ զանգեմ, որ օրը չզանգեմ, ուրեմն անձրև է, վատ եղանակ»: Եկավ սեպտեմբերի 27-ը:

«Դավթի հետ վերջին անգամ խոսել ենք սեպտեմբերի 25- ին: Սեպտեմբերի 26-ին չզանգեց, մտածեցինք՝ երևի անձրև է, Դավիթն էլ զգուշացրել էր, որ այդ օրերին չի կարող զանգել: Բայց պատերազմ էր: Երեք ամիս Դավիթից ընդհանրապես լուր չենք ունեցել: Համարներ էին տալիս, որ զանգեմ ու ինչ-որ տեղեկություն իմանամ, հետո պարզում էի, որ դիահերձարաններ եմ զանգել: Չէի կարողանում իրեն գտնել: Ղարաբաղում հեռուստաընկերություններից մեկը նկարահանել էր Դավիթիս: Նա երկու հեռախոսահամար էր տվել լրագրողին՝ Ծովինարին, խնդրել՝ զանգեք ու ծնողներիս ասեք, որ ես լավ եմ: Լրագրողը մեզ զանգահարեց, չէի հավատում, որ Դավիթս է համարը տվել: Ինձ հավաստիացրեց, որ անձամբ խոսել է Դավթի հետ, և ինձ նկարներ ուղարկեց, հետո էլ արդեն հեռուստատեսությամբ ցույց տվեցին կադրերը, որտեղ Դավիթս քահանայի ձեռքում պահված խաչն է համբուրում: Ես անթիվ զանգեր էի ստանում, մարդիկ աչքալուսանք էին տալիս, որ որդիս ողջ է»:

Դեկտեմբերի 22-ին Դավիթն անակնկալ ձևով գալիս է արձակուրդ: «Պատմեց, որ 20 օրից ավելի շրջափակման մեջ է եղել, հետո՝ անտառներում: Շատ բան էր տեսել: Երբ տանը նստած ինքնաթիռի ձայն էր լսում, խուճապի էր մատնվում, ներսում վախ կար: Հետո այնպես ստացվեց, որ ճանապարհը փակվեց, ու ոչ միայն Դավիթը, այլ նաև էլի զինծառայողներ չէին կարողանում վերադառնալ Արցախ: Հրամանատարի հետ զրուցեցինք, ասաց՝ ռազմական ոստիկանություն ներկայացեք, որ հետո խնդիրներ չառաջանան: Այդպես էլ արեցինք: Երեխեքին մեկ օր պահելուց հետո տեղափոխեցին Էջմիածնի ականազերծողների զորամաս, այնտեղ Դավիթս չորս ամիս ծառայեց: Հետո 2021 թ.-ի գարնանը տեղափոխեցին Կապանի Կարմրաքար զորամաս: Այնտեղ ևս Դավիթս հարգանք էր վայելում և՛ ծառայակից ընկերների, և՛ հրամանատարական կազմի կողմից: Իր ընկերները հետո եկան մեր տուն, շատ բաներ պատմեցին, թե ինչպիսի զինվոր էր տղաս, ինչպիսի ընկեր»:

2022 թ.-ի ապրիլին Դավիթը ոչնչացնում է թշնամու մեծ թվով տեխնիկա: «Մայիսի 10- ին նրան խրախուսում են, գալիս է տուն: Հարցրեցի՝ Դավի՛թ ջան, քեզ երկու ամիս է մնացել, որ զորացրվես, ո՞նց են արձակուրդ տվել: «Պա՛պ, խրախուսել են, 18 տեխնիկա եմ խփել»: Մայիսի 16-ին վերադարձավ զորամաս: Մայիսի 15-ի երեկոյան իր ձեռքով բանակի քեֆի ցուցակը գրեց՝ 137 հոգի, «պա՛պ, ցուցակից մարդ չպակասի, ում մոռացել եմ, կզանգեմ, կավելացնես»: Ես էլ կատակեցի՝ մի հարսանիքի մարդ ես կանչել, արի միանգամից նշանդրեքդ էլ անենք. սիրած աղջիկ ուներ: Մայիսի 16-ին իրեն ճանապարհել եմ: Մայիսի 28-ին Դավթին ու տղաներին բարձրացնում են դիրքեր, կարծում եմ, որ իրեն արդեն նշանառության տակ են վերցրած լինում»: Դավիթը զոհվում է մայիսի 28-ին թշնամու արձակած կրակոցից: «Ժամը մեկին ինձ զանգահարեցին ու հայտնեցին, որ Դավիթը վիրավոր է, մինչև հասա Կապան, արդեն կոմայի մեջ էր:

Հիվանդանոցի մոտ էի, գիշերը ժամը երկուսի կողմերն էր, երբ ասացին, որ Դավթի սիրտը կանգ առավ, կոմայից դուրս չեկավ»: Դավթի զոհվելու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: Ծնողները հարցեր ունեն, վստահ են, որ կան մեղավորներ, և նրանք պետք է պատասխանատվություն կրեն: Նրանց խոսքով, Դավիթին առաջին օգնություն չեն կարողացել ցույց տալ համապատասխան պարագաներ չունենալու պատճառով, պատգարակ չեն ունեցել, և տղաները քնապարկով են իրենց վիրավոր ընկերոջն իջեցրել դիրքերից: Դավիթը շատ արյուն է կորցրել մինչ հիվանդանոց հասնելը: Հայրիկը նշում է՝ որդին ասում էր, որ իրեն հերոսի կոչման են արժանացնելու:

«Ինձ հերոս պետք չէր, ինձ իմ որդին էր պետք, Դավիթս էր պետք, որ աչքերս թաց չապրեի, այլ չոր աչքով ու ժպիտը դեմքիս: Դավիթս լույս էր: Հիմա ուղղակի ապրում ենք: Չենք համակերպվում, ինչո՞ւ պետք է այսպես լիներ: Պատերազմից, շրջափակումից, այդքան փորձություններից պրծավ, որ խաղաղ ժամանակ այսպե՞ս լիներ: Եթե մեր թոռնիկը մեր կողքին չլիներ, հավանաբար մեզ հետ մի բան պատահած կլիներ: Բայց, իհարկե, եթե տասը թոռնիկ էլ ունենանք, որևէ մեկը մեր տղայից մնացած դատարկությունը չի լրացնելու: Իր անբաժան ընկերոջը՝ Մյասնիկին ասել էր՝ սումկես կտաք հորս ու կասեք, որ գալու եմ: Պայուսակն ինձ հասավ, բայց Դավիթս չեկավ...»: Տանը՝ Դավթի անկյունում, նրա անձնական իրերն ու լուսանկարներն են: Հայաստանի բոլոր անկյուններում 5 000-ից ավելի տներում մի անկյունից տան տղան է ժպտում, ավաղ՝ լուսանկարից: Ուզում ես մերժել այն իրականությունը, որտեղ պատերազմ տեսած Դավիթը զոհվում է խաղաղ պայմաններում, բայց կրկին թշնամու կրակոցից:

Հ. Գ.- Դավիթ Վարդանյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Արմավիրի մարզի հայրենի Նորապատ գյուղում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Issues the First in Armenia Perpetual Bonds Team Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three YearsApply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMDEuromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “B” with a “stable” prospectAn unprecedented Evening for the Armenian Fashion and Hospitality Industry: World-Renowned Dress Designer Jacob Meyer Presents His Masterpieces at the ONE&ONLY Antigravity Theatre in The Dvin HotelA Brand-New Section on Idram&IDBankSeveral real and profitable offers ahead of Black Friday: IDBank and IdramAraratBank Joins Social Impact Award 2025 Summit in LjubljanaIDBank issued the 1st tranche of bonds of 2026Ucom Supports the Development of Space Engineering in Armenia Prioritizing Information Security: IDBank and Idram Support APOCALYPSE CTF 2025IDBank's Representative, Innesa Amirbekyan Appointed Co-Chair of the ICC Banking Commission Task Force on GuaranteesUcom General Director Ralph Yirikian Awards Certificates to Participants of Cybersecurity Training Course Acba and Proparco mark one year of partnership, strengthening rural financing and Armenias’s economic resilienceAraratBank and Arca's joint campaign has endedIDBank: A Pioneer of Digital Banking and Innovation in ArmeniaGRAWE Group and C-Quadrat Investment Group have announced plans to acquire 100% of LIGA Insurance Company in Armenia Ucom Supports the Annual “Capture the Flag 2025” Cybersecurity Competition Financially Literate with Idram and IDBank: Next Stop – Nairi CampIdram received a permit to establish and operate the Armenian payment and settlement QR system IdramNetUcom Completes the Deployment of its 5G Network Across All Cities of Armenia Firebird, Inc. Secures U.S. Export License and Announces Dell Technologies as a Technology Partner, Establishing Major Milestones in Armenia’s AI and Digital FutureIDBank Receives Permission to Open a Representative Office in the United StatesRoboTon 2025 Competition Held with Idram’s Sponsorship“Armenian potential in Spain: Arman Mayilyan as a guest on the ‘Armenian Diaspora Communities’ program.” Final Results of the 20th Annual International Microelectronics Olympiad AnnouncedUnibank's VISA DIGITAL cards are now free Arca National Payment System, Bank of Georgia and Ameriabank Signed a Memorandum of UnderstandingIdram has been awarded the prestigious “Beyond Payments Awards” by Ant InternationalSTEM Acceleration Award 2025 Held with Idram’s SupportSolar Power is Generated in Kechut Community Through the Efforts of Ucom and SunChild Idram Announces Partnership with WeChat PayAraratBank: Transfer Your Mortgage Loan and Repay It on Attractive Terms: JOIN US“The Power of One Dram” as the Main Supporter of the National Hackathon AI4Biodiversity: AI Solutions for NatureSpeed-Mentoring Event Accelerates Green Innovations within the Ucom Fellowship Program Ucom Supports the Development of High-Tech Education in Armenia Dalan Technopark announces its first bond issuance. Placement Partner is Cube InvestIdram Junior Participants Receive Prizes: The First Junius Financial Literacy Competition ConcludesLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future Foundation5,312,038 AMD for “Symphonic Forest”: the November beneficiary is AI4Biodiversity: AI Solutions for Nature, a national hackathonUcom’s Green Initiative Reaches Urtsadzor AraratBank Honoured with STP Award by Commerzbank AG Compelling Business Loan Offer from AraratBank: JOIN US AraratBank – Title Sponsor of Urartu Football Club