Իտալիայի մրցաշարի մասնակցությունը հովանավորել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը
SOCIETYՍյունիքի մարզի շոտոկան կարատեի ֆեդերացիայի Կապանի «Պանտերա» ակումբի սաները մրցանակների ավարով են վերադարձել Թբիլիսիում կայացած մրցումներից, որին մասնակցում էին Վրաստանի, Ադրբեջանի, Հայաստանի, ինչպես նաեւ Ռուսաստանի Դաշնության մարզիկներ։ Կապանցի կարատեիստները հինգ մրցանակային տեղ են զբաղեցրել՝ երկու առաջին, մեկ՝ երկրորդ, երեք՝ երրորդ։
Այժմ մարզակումբի չորս սանի ավելի պատասխանատու քննություն է սպասվում Իտալիայի Վենետիկ քաղաքում կայանալիք ներկայացուցչական մրցաշարում, քանզի յուրաքանչյուր քաշային կարգում հանդես կգա 96 կարատեիստ։ Նարեկ Սարգսյանը հանդես կգա մինչեւ 40 կգ քաշային կարգում (12-13 տարիքային խումբ), Սուրեն Գրիգորյանը՝ 52 կգ քաշային կարգում (14-15 տարեկաններ), Վալեր Կարապետյանը՝ 55 կգ քաշային կարգում (16-17 տարեկաններ) եւ Ալեքսանդր Մինասյանը՝ 57 կգ քաշային կարգում (14-15 տարեկաններ)։
Ակումբի մարզիչ Արմեն Գրիգորյանը նշում է, որ արտերկրի մրցաշարում պայքարն անհամեմատ թեժ է լինում, եւ մեծ դեր է խաղում մրցափորձը։ Իսկ այս մրցմանը Սուրենը, Վալերը եւ Նարեկն առաջին անգամ են մասնակցում։ Ինչեւէ՝ հուսանք, որ նրանք ցանկալի արդյունքի կհասնեն։
Իտալիայի մրցաշարի մասնակցությունը հովանավորել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (գլխավոր տնօրեն՝ Ռոման Խուդոլիյ), ինչի համար մարզակումբի մարզիչը, սաները եւ ծնողներն իրենց երախտագիտությունն են հայտնում, մասնավորապես, ընկերության կայուն զարգացման տնօրեն Արմեն Ստեփանյանին։
Կարատեն օլիմպիական մարզաձեւ դառնալուց հետո աշխարհում էլ ավելի մեծ մասսայականություն է վայելում. Կապանի «Պանտերա» ակումբում մարզվում է մոտ 100 սան, որոնցից վեցը՝ աղջիկ։ Պատանի մարզիկների տարիքը տատանվում է հինգից մինչեւ 24 տարեկան։
Վերջում ավելացնենք, որ ակումբի սաներն անհրաժեշտ ֆիզիկական պատրաստություն են ստանում, ինչը նրանց օգնում է, որ հաջողությամբ հաղթահարեն զինվորական կյանքի առաջին դժվարությունները։ Մարզիչը տեղեկացրեց, որ իր սաներից տասը ծառայում է Հայոց ազգային բանակում եւ ինքը միշտ հետաքրքրվում է նրանց զինվորական առօրյայով։
Հաջողություն մաղթենք ակումբի սաներին եւ Հայոց ազգային բանակի զինվորներին։
Վահրամ Օրբելյան