Սիրիայի ՀՕՊ համակարգերը Դամասկոսի երկնքում խոցել են Իսրայելից արձակված հրթիռները
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սիրիայի հակաօդային պաշտպանության միջոցները դեկտեմբերի 10-ի ուշ երեկոյան իսրայելական մի քանի հրթիռ են խոցել Դամասկոսի երկնքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է SANA գործակալությունը՝ վկայակոչելով երկրի զինված ուժերում իր աղբյուրին։
«Այսօր ժամը 23։05-ի սահմաններում իսրայելական թշնամին օդային հարձակում է իրականացրել օկուպացված Գոլանի բարձունքների կողմից՝ թիրախավորելով Դամասկոսի մերձակայքի մի շարք դիրքեր։ Մեր պաշտպանությունն արձագանքել է հրթիռների արձակմանը և խոցել դրանցից մի քանիսը», - նշել է աղբյուրը։
Զինվորականի խոսքով՝ գնդակոծության հետևանքով նյութական վնաս է հասցվել, անձնակազմի թվում կորուստներ չկան։
Վերջին անգամ իսրայելական օդուժը Դամասկոսի վրա հարձակվել էր դեկտեմբերի 2-ին։ Հարվածը հասցվել էր Սեյիդա Զեյնաբ արվարձանին, որը ծառայում է որպես կառավարական բանակի կողմից կռվող շիա կազմավորումների առաջադիրք։ Ըստ ԶԼՄ-ների՝ զոհվել էին երկու իրանցի խորհրդականներ, ևս յոթը` վիրավորվել։
Իսկ նոյեմբերի 26-ին Դամասկոսի վրա ավիահարվածի հետևանքով շարքից դուրս էր եկել Դամասկոսի միջազգային օդանավակայանը:
Իսրայելը հայտարարում է, որ Սիրիայի տարածքում թիրախավորում է Իրանի աջակցությունը վայելող շիա իսլամիստական «Հեզբոլլահ» կազմակերպության զինյալների դիրքերը։
Ըստ Մարդու իրավունքների սիրիական դիտարանի՝ 2023 թ․ սկզբից Սիրիայի տարածքն Իսրայելի կողմից հարվածների է ենթարկվել 63 անգամ։ Այդ հարվածների հետևանքով զոհվել է 110 զինվոր և աշխարհազորային, վիրավորվել՝ 117-ը։ Հարվածների հետևանքով ոչնչացվել է ավելի քան 120 թիրախ։