Վաղաժամ ծնված աղջկա մոտ 4 երիկամ է հայտնաբերվել
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բրազիլիայում աղջիկ է ծնվել հազվագյուտ զարգացման անոմալիայով՝ չորս երիկամներով։ Այս մասին հայտնում է The New York Post-ը։
Բժիշկները պարզել են, որ Իսիս Էլոա Ֆերեյրա Ալվեսը երիկամների հետ կապված խնդիրներ է ունեցել, երբ նա դեռ մոր՝ 21-ամյա Թալյա Սիլվա Ալվեսի արգանդում է եղել։ Աղջիկը վաղաժամ ծնվել է կեսարյան հատումով ու որոշ ժամանակ անցկացրել ինկուբատորում՝ բժիշկների հսկողության ներքո։ Հինգ ամսում Իսիսի համար վիրահատություն է պահանջվել, որի ընթացքում բժիշկները պարզել են, որ նա չորս երիկամ ունի։
Վիրաբույժները հեռացրել են աղջկա երիկամներից մեկը, քանի որ այն մեծացել էր միզուղիների խցանման պատճառով և ճնշում էր ստամոքսի ու աղիների վրա՝ դժվարացնելով սնունդը մարսելը: Վիրահատությունից հետո Իսիսը մնացել է երեք երիկամով, որոնցով նա ապրում է մինչ օրս։ Նշվում է, որ աղջիկը չի կարող լրացուցիչ օրգանի դոնոր դառնալ, քանի որ խնդիրներ ունի անոթների հետ, ինչը կբարդացնի փոխպատվաստումը։
Իսիսին վիրահատած ուրոլոգի խոսքով՝ նա պետք է երկար հսկվի բժիշկների կողմից՝ հետագայում հնարավոր առողջական խնդիրներից խուսափելու համար։ Այժմ աղջիկը 13 ամսական է։ Նա հաճախ հոսպիտալացվում է թոքաբորբի պատճառով, որն առաջանում է գրիպի պատճառով. Իսիսի թոքերը ենթակա են վարակների՝ վաղաժամ ծննդաբերության և բժիշկների կողմից երկարատև հանգստացնող միջոցների պատճառով: Չնայած դրան, ըստ Թալիայի, դուստրը սովորում է աշխարհի մասին և զարգանում նույն արագությամբ, ինչպես մյուս երեխաները։