Էրդողանն ու Ռայիսին քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը․ ստորագրվել է 10 համաձայնագիր
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանն ու Թուրքիան ստորագրել են համագործակցության մասին տասը փաստաթուղթ՝ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման նպատակով, հաղորդում է «Irna»–ն։
Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել չորեքշաբթի Անկարայում Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներկայությամբ։
Համագործակցության վերաբերյալ համաձայնագրերը ներառում են տարբեր ոլորտներ, ինչպիսիք են երկաթուղին, էներգետիկան, համատեղ առևտրային գոտիները և հաղորդակցությունը:
Ռաիսին և Էրդողանը հանդիպել են՝ քննարկելու տարածաշրջանային զարգացումները, հատկապես Գազայի հատվածում Իսրայելի պատերազմի ազդեցությունը, ինչպես նաև քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման համար:
Առանձնազրույցից հետո երկու երկրների նախագահները մասնակցել են նաև Իրան-Թուրքիա առևտրատնտեսական համագործակցության բարձրագույն խորհրդի ութերորդ նիստին, որտեղ պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը տնտեսության, անվտանգության, քաղաքականության և մշակույթի ոլորտներում։
Մամուլի ասուլիսում նախագահ Ռաիսին ասել է, որ Իրանն ու Թուրքիան ունեն զգալի ներուժ, որը կարող է օգտագործվել բոլոր ոլորտներում հարաբերությունները զգալիորեն ընդլայնելու համար։
«Տնտեսության և առևտրի ոլորտներում մենք արդյունավետ քայլեր ենք ձեռնարկել և հաստատակամ ենք հարաբերությունների մակարդակը բարելավելու հարցում»,- ասել է նա։
Ըստ Թուրքիայի նախագահի մամուլի ծառայության հայտարարության՝ կողմերը քննարկել են նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, մտքեր փոխանակել Սիրիայում, Իրաքում և Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ: