Yerevan, 15.September.2026,
00
:
00
BREAKING


«Ես լավ եմ, ձեզ պինդ պահեք, ձեզ շատ սիրում եմ». պահեստազորային Հովհաննես Պորտուգալյանը զոհվել է հոկտեմբերի 14-ին, տուն «վերադարձել» հինգ ամիս անց. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հովհաննեսն ու ես ընդհանուր ընկերներ ունեինք, ինչ-որ առումով նրանք մեր ծանոթության առիթը դարձան: Բայց շփումը սկսվեց, երբ նա ինձ գրեց սոցիալական ցանցերից մեկում, սկզբում չէինք պատկերացրել, որ արդեն իրար տեսել ենք ընկերական հավաքույթի ժամանակ: 2010 թ.-ի հունվարի 5-ին մեր առաջին ժամադրությունն էր: Սկսեցինք ընկերություն անել, իսկ 2012 թ.-ի օգոստոսի 19-ին ամուսնացանք»,-«Փաստի» հետ զրույցում կյանքի երջանիկ օրերն է վերհիշում Լիանան՝ Հովհաննեսի կինը: Այն, ինչը ես մի քանի տողով ներկայացրեցի, Լիաննան ամենայն մանրամասնությամբ պատմեց՝ ներկայացնելով իր և ամուսնու ծանոթության և շփման ամեն թանկ ակնթարթը: Լիանայի խոսքով, ամուսինը ներողամիտ էր, զիջող, ամենալավը: ՛

«Իրեն բոլորն են սիրում՝ իր մարդ տեսակի, իր բարության համար: Չափազանց հասնող էր, եթե ինչ-որ մեկին կարող էր օգնել, առանց վարանելու օգնության էր հասնում: Պատերազմից առաջ ընկերոջը խոսք էր տվել օգնել, իր խոստացածն արեց ու նոր գնաց: Խոստացել էր, այլ կերպ չէր կարող: Սիրում էր, երբ ամեն ինչ կարգ ու կանոնով էր, օրինակ՝ երբեք չէր խառնում աշխատանքը և ընկերությունը: Աշխատանքի տեղում ամեն մեկն ուներ իր պարտականությունը, իսկ աշխատանքից հետո իրենք ընկերներ էին: Պատասխանատու մարդ էր, ու դրա համար իրեն շատ էին հարգում, միշտ ասում էին՝ Հովոն երբեք գործը չի խառնում ընկերության հետ: Ու այսօր իր ընկերներն ու նրանց ընտանիքներն ամուր կապ են պահում իմ ու աղջիկներիս հետ: Դրանից թանկ բան չկա»: Հիշում է, թե ամուսինն իրեն որքան է աջակցել, երբ հատկապես ծնվեցին նրանց զույգ աղջիկները:

«Ինձ հետ հավասար հոգ էր տանում մեր երեխաների մասին, բառի ամենաուղիղ իմաստով օգնել է ինձ ամեն հարցում: Ասում էր՝ գնա խանութ գնումների, երեխաների մասին հոգ կտանեմ: Իսկ այդ հոգ տանելն իր մեջ ամեն ինչ էր ներառում՝ կերակրելուց մինչև լողացնելը: Սիրում էր պատրաստել, իր պատրաստելուց հետո շուրջն ամեն ինչ հավաք էր, երբ ասում էի՝ թող մնա, ես ամեն ինչ կարգի կբերեմ, ասում էր՝ ի՞նչ տարբերություն: Երբեք չենք վիճել, մեր տանը բարձր ձայն չի լսվել, եթե անգամ եղել է ինչ-որ հարց, քննարկել ենք և անցել առաջ: Դրանք իմ կյանքի ամենաերջանիկ տարիներն էին»: Պատերազմի օրերին Հովհաննեսը ծանուցագիր է ստանում, որ պետք է որպես պահեստազորային մեկնի Արցախ:

«Այդ ժամանակ ընկերոջ հետ չուգունի արտադրամասում էր աշխատում, գնաց զինկոմիսարիատ, ներկայացավ պետի տեղակալին՝ աշխատանք եմ կատարել, վարձատրվել դրա դիմաց, բայց աշխատանքս դեռ չեմ հանձնել, թույլ տվեք աշխատանքս վերջացնել, հետո մեկնել: Ու այդպես էլ վարվեց, աշխատանքը վերջացրեց, կրկին ներկայացավ զինկոմիսարիատ՝ պատրաստ եմ մեկնել: Հոկտեմբերի 5-ի առավոտյան, երբ պետք է աշխատանքի գնար, զանգ ստացավ՝ 15 րոպե ժամանակ ունեք, որ հրաժեշտ տաք ձեր ընտանիքին և ներկայանաք: Մի քանի իր վերցրեց ու գնաց, անգամ չթողեց, որ ճանապարհեմ իրեն, ճակատս համբուրեց՝ գնացի, ձեզ լավ կնայեք, կապի մեջ կլինենք: Նույն օրը երեկոյան իրենք շարժվում են դեպի Արցախ, գիշերը երկուսի կողմերն ինձ նամակ է գրում, որ արդեն Վարանդա են հասել: Խոսում էինք մի քանի րոպե, ժամերով խոսել հնարավոր չէր, միայն ասում էր՝ լավ եմ, ձեզ լավ նայեք, երեխեքը ո՞նց են, ի՞նչ են ասում»: Լիանան նշում է, որ ամուսնու և նրա հետ եղած տղաների անհետ կորելուց հետո են նրանց ընտանիքի անդամները շատ մանրամասներ իմացել:

«Հոկտեմբերի 8-ն էր, զանգ չեկավ, ինձ մոտ տագնապ էր, երկու օր չզանգահարեց: Հոկտեմբերի 10-ին զանգեց՝ լավ եմ, ամեն ինչ նորմալ է: Մեր զրույցների ժամանակ ուրիշ բաներ էլ էր ասում՝ բարձիթողի վիճակի, հրամանատար չունենալու և այլ հարցերի մասին: Հոկտեմբերի 10-ից հետո էլ երկու օր զանգ չստացա: Հոկտեմբերի 13-ի առավոտյան ինձ զանգահարում է տղաներից Հրաչյայի մայրիկը՝ Հովհաննեսը փոխանցել է, որ ամեն ինչ լավ է: Հրաչյան զանգահարել էր տուն, զրուցել ու նաև փոխանցել, որ ինձ զանգահարեն, ասեն, որ Հովհաննեսի մոտ ամեն բան կարգին է: Երեխաներին տարա դպրոց, վերադառնում էի տուն, Հովոն զանգեց՝ բալ, ո՞նց ես, ի՞նչ կա- չկա, ձեզ պինդ պահեք, ձեզ շատ եմ սիրում: Իսկ ես լսում էի պայթյունների ձայները, ու կապն ընդհատվեց: Երբ հետո բոլոր փաստերն ի մի բերեցինք, հասկացանք, որ այդ զանգից հետո նա վիրավորում է ստացել: Դրանից հետո որևէ լուր չունեի իրենից: Հոկտեմբերի 14-ին է դեպքը տեղի ունենում»: Տղաների հարազատներն այդպես էլ չեն կարողանում զոհվել բառն արտասանել:

«Տղաները լինում են Վարանդայի Ղարղաբազար դիրքում: Երևանից մեկնելուց հետո նրանք եղել են Վարանդայի զորամասում, երեք օր առանց զինվորական համապատասխան հագուստի՝ կասկա, զրահաբաճկոն և այլն, զենքի մասին չեմ էլ խոսում: Գիտեմ, որ հոկտեմբերի 14-ին իրենց դիրքի վրա բայրաքթար է ընկնում, Կառլենը զոհվում է, Հովոն, Զաքարն ու Պետոն բեկորային վիրավորում են ստանում: Ժամկետային զինծառայողներից Հովսեփ Խաչատրյանն առաջարկում է վիրավորներին Վարանդայի զորամաս հասցնել, որ առաջին բուժօգնություն ցույց տան: Նստում են «Ուրալը», վիրավորները՝ մեքենայի հետևի մասում, երկու տղաները, երկուսի անունն էլ՝ Հովսեփ, առջևի մասում: Զորամասի ճանապարհին դիվերսիա է լինում, հետևակը հարձակվում է մեքենայի վրա, չորս հոգին զոհվում են, Հովսեփներից մեկն է ողջ մնում»: Հետո արդեն, երբ տղաների հարազատները չէին կարողանում նրանց հետ կապ հաստատել, տեղեկություն ստանալ, սկսեցին իրար «գտնել», իրար հետ կապ հաստատել:

«Հովհաննեսը հինգ ամիս անհետ կորած էր: Այդ ընթացքում մեկ օր տանը չենք եղել, տարբեր գերատեսչությունների դռներ եմ թակել: Ամեն տեղ եղել եմ»: Ամուսնու զոհվելու լուրը Լիանան ավելի ուշ է իմանում՝ ողջ ընթացքում նրան փնտրելով անհետ կորածների մեջ: Նաև մտքեր են ունեցել, որ գուցե տղաներին գերեվարել են: «Տղաների մարմինները գտնելու հարցում դիմեցինք փրկված տղային, գումար հավաքեցինք, որ նա մեկնի Արցախ: Այստեղից պաշտոնատար անձինք կապվեցին Արցախի պաշտոնյաների հետ, որ կարողանան որոնողափրկարարական աշխատանքների միջոցով տղաների մարմինները դուրս բերել: Հինգ ամիս նրանք եղել են բաց երկնքի տակ: Հետո արդեն մեր ուժերով տղաներին Գորիսից տեղափոխեցինք Երևան: Մայրիկի հետ Հովոյի առաջին նույնականացումը չեղավ, անգամ ուրախացա՝ ուրեմն Հովոն չէ: Զանգահարեցին՝ պետք է երեխաներին բերեք նույնականացման համար: Մարտի ութի առավոտյան ինձ «նվեր» արեցին, որ ամուսնուս նույնականացումը եղել է»: Երկար, ժպիտով ու հույզերով, կարոտով ու ափսոսանքով լի զրույցները միշտ պետք է վերջանան հարցով՝ իսկ ապրելու ուժ որտեղի՞ց գտաք:

«Նախ՝ ասեմ, որ ժամանակի ընթացքում դատարկությունն ավելի է մեծանում, չի լցվում: Կապ չունի, որ երեխաներ ունես, զբաղվածություն, մի այնպիսի դատարկ տեղ կա, որ ոչ մի բանով չի լցվում: Իր գնալու օրը մի ուրիշ՝ քնքուշ հայացքով ինձ նայեց՝ այնքան հպարտ եմ, որ դու իմ կինն ես, շնորհակալ եմ Աստծուն դրա համար, դու առանց ինձ այնքան լավ կմեծացնես մեր աղջիկներին: Հոգիս տակնուվրա եղավ այդ խոսքերից՝ իրար խոսք ենք տվել, որ մեր երեխաներին միասին ենք մեծացնելու: Չգիտեմ՝ կանխազգացո՞ւմ էր, թե՞ ինչ, ինչո՞ւ այդ խոսքերն ինձ ասաց: Ինձ միշտ ասում էր՝ դու ուժեղ ես, ամեն ինչ կարող ես հաղթահարել, ցանկացած դժվարություն: Հիմա իմ ապրելու իմաստը ոչ միայն մեր երեխաներն են, այլ նաև Հովոն: Նա նվիրյալ էր ամեն հարցում, ամեն տեղ, անձնազոհ էր յուրաքանչյուրի հանդեպ: Նրա տեսակը պետք է ճանաչեն: Հիմա այնպես եմ ապրում, որ հետագայում արժանի լինեմ իր հետ հանդիպմանը»:

Հ. Գ. - Հովհաննես Պորտուգալ յանը Արցախի Հանրապետության նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով և «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով: Պարգևատրվել է նաև «Տիգրան Մեծ» շքանշանով: Հովհաննեսի կինը պարգևատրվել է «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով: Հովհաննեսը հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Unibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution