Հանքարդյունաբերությունը և ՏՏ ոլորտը՝ ՀՀ տնտեսությունում․ «Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ հրաժարվել հանքարդյունաբերությունից»․ Սուրեն Պարսյան
ECONOMICSՀանքարդյունաբերությունը Հայաստանի Հանրապետության տնտեսության համար կարևոր ոլորտներից մեկն է հանդիսանում։ Թեպետ ոլորտի տեսակարար կշիռը համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) մեջ փոքր է և այն կարող է կազմել 2-3 տոկոս, սակայն նրա արտադրանքի արտահանումից ստացվող եկամուտները տնտեսության համար մշտապես էական նշանակություն ունեցող ուղղություն է դիտարկվում։
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը Iravaban.net-ի հետ զրույցում նշեց, որ մինչև 2022 թվականը՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը, ՌԴ քաղաքացիների Հայաստան տեղափոխվելը՝ հանքարդյունաբերությունն ապահովում էր ՀՀ արտահանման մեկ երրորդը։
«ՀՆԱ-ի մեջ 2-3 տոկոս է, բայց արտահանման մեկ երրորդն է ապահովում։ Այսինքն հանքարդյունաբերությունը մեր երկիր արտարժույթ բերող հիմնական ոլորտներից մեկն է եղել վերջին 15-20 տարիներին»,-նշում է նա։
Մասնագետի խոսքով՝ սա կարևոր նշանակություն է ունենում փոխարժեքի սահմանման հարցում։
Հանքարդյունաբերության ոլորտի արտահանումը լուրջ հակակշիռ է ներմուծումներին։ «Մենք երեք անգամ ավել ներմուծում ենք կատարում և դրա վճարման համար արտարժույթ է պետք։ Գումարած սրան՝ հանքարդյունաբերությունում աշխատողների թվաքանակը մոտավորապես կազմում է 10․000 անձ և այս ոլորտի միջին աշխատավարձը շարունակում է մշտապես բարձր մնալ։ Այժմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, ֆինանսաբանկային և ապահովագրական գործունեությունն առաջ են անցել, բայց սա կարևոր հանգամանք է»,-ասաց Պարսյանը։
ՀՀ-ում միջին ամսական անվանական աշխատավարձերի թեմային Iravaban.net-ն ավելի վաղ անդրադարձել էր: Վիճակագրական կոմիտեից ստացված տեղեկության համաձայն՝ ՀՀ-ում միջին ամսական անվանական աշխատավարձն ամենաբարձրը Սյունիքում ու Երևանում է, իսկ Սյունիքի մարզում է գտնվում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։
Հարկ է նշել, որ Սյունիքը ՀՀ-ում ամենաբարեկեցիկ մարզն է, այստեղ աղքատության ցուցանիշը 2,5 տոկոս է (Հայաստանում` 24․8 տոկոս) կազմում՝ ի հաշիվ հանքարդյունաբերության ոլորտի:
«Հանքարդյունաբերության ոլորտը լոկոմոտիվ է հանդիսանում նաև այլ ճյուղերի համար, օրինակ՝ տրանսպորտի, տարբեր ենթակառուցվածքների կառուցման, տեքստիլի համար։ Հանքարդյունաբերության ընկերությունները սոցիալական տարբեր ծրագրեր են իրականացնում ազդակիր համայնքների համար և այլն։ Իհարկե, բնության և առողջության համար ոլորտը ազդակիր համայնքներին վնասներ հասցնում է՝ կարճաժամկետ և երկարաժամկետ առումով, սակայն շատ ակտիվ ծրագրեր էլ են իրականացվում»,-մանրամասնում է Սուրեն Պարսյանը։
Մասնագետը նշում է, որ այս ոլորտը կարևոր է տնտեսության համար հարկային մուտքերի ապահովման առումով։
2023 թվականին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ՀՀ առաջին խոշոր հարկատուն է եղել։ Ընկերությունը ընդհանուր վճարել է 70 միլիարդ 881 միլիոն 967 հազար դրամ։
«2023 թվականին տնտեսությունն ընդհանուր մոտավորապես 9 տոկոսով աճ է ունեցել, տնտեսական ակտիվությունը 11 ամիսների կտրվածքով կազմել է 9,7 տոկոս, բայց հանքարդյունաբերությունն անկում է գրանցել 5,7 տոկոսով։ Սա պայմանավորված է պղնձի խտանյութի արդյունահանման ծավալների նվազմամբ, այն նվազել է 8,4 տոկոսով, ցինկինը՝ 19,8 տոկոսով։ Այստեղ նվազում է գրանցվել մի քանի գործոնով պայմանավորված, օրինակ՝ անցած տարվա ընթացքում ժամանակ առ ժամանակ իր գործունեությունն է դադարեցրել Թեղուտի հանքավայրը։ Բացի այդ՝ Հայաստանից արտահանվում էր նաև Արցախի Կաշենի հանքավայրի պղինձը, ինչը, բնականաբար, ևս չի կատարվում։
Իսկ տուֆինը՝ հրաբխային սղոցված սալիկների կամ բլոկների տեսքով արտադրության ծավալն աճել է 43,3 տոկոս, ավազի, խճի, կավի ու ճենակավի արտադրության ծավալներն աճել են 41,8 տոկոսով, ինչն էլ պայմանավորված է շինարարությամբ»,-նշում է Սուրեն Պարսյանը։
Առավել մանրամասն՝ այստեղ