ԶՊՄԿ-ի հովանավորությամբ վերակառուցվել է «Լեռնագործ» մարզադաշտի տրիբունան
SOCIETYՄարտի 2-ին մեծ ֆուտբոլը վերադարձավ Կապան: Մեկնարկեց 2023-2024 թթ. Հայաստանի ֆուտբոլի առաջնության երկրորդ խմբի գարնանային մրցաշրջանը: «Լեռնագործ» մարզադաշտում Կապանի «Սյունիքը» ֆուտբոլային խաղացանկի 18-րդ մրցափուլի շրջանակում հյուրընկալեց Երևանի «Արարատ-Արմենիա-2» թիմին: Ի դեպ, հանդիսականին հաճելի անակնկալ էր սպասվում: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբ վերակառուցվել է մարզադաշտի տրիբունան. փայտե հնամաշ նստարանները փոխարինվել են պլաստմասայե աթոռակներով, ինչպես պահանջում են միջազգային ֆուտբոլային կառույցների չափանիշները:
Հանդիպման առաջին խաղասկիզբը նվազ հետաքրքիր էր, «Սյունիքի» դարպասապահը, կարելի է ասել, անգործության էր մատնվել, մի քանի անգամ վտանգավոր պահ ստեղծվեց հյուրերի դարպասի մոտ: Երբ թիմերը ընդմիջման գնացին, լուսատախտակին 0:0 հաշիվն էր: Երկրորդ խաղակեսն անցավ երկուստեք գրոհներով, և խաղավարտին՝ 89-րդ րոպեին հյուրերը խփեցին հաղթական գոլը՝ Կապանից մեկնելով երեք միավոր վաստակած:
Հանդիպմանը ներկա էին ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը, ընկերության կայուն զարգացման տնօրեն Արմեն Ստեփանյանը:
Վահրամ Օրբելյան