Վրաստանը կարող Է կրկնապատկել Ռուսաստանից ստացվող գազի ծավալը
ECONOMICSՌուսական բնական գազի բաժինը, որն այդ վառելիքի նկատմամբ Վրաստանի պահանջարկի ընդհանուր ծավալում ներկայում կազմում է 12 տոկոս, ընթացիկ տարում կարող է հասցվել 20 տոկոսի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն:
«Մենք շարունակում ենք բանակցությունները «Գազպրոմ»-ի հետ՝ նպատակ ունենալով լրացուցիչ ծավալներով գազ ստանալ երկրի աճող պահանջմունքները բավարարելու համար»,- ասել է Կալաձեն՝ լույս հունվարի 20-ի գիշերը ելույթ ունենալով «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում:
Նա հայտնել է, որ հունվարի 20-ին այդ հարցի շուրջ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում հերթական հանդիպումը կկայանա «Գազպրոմ»-ի ներկայացուցիչների հետ, որի ավարտից հետո հասարակայնությունը կտեղեկացվի դրա արդյունքների մասին:
Ընդսմին նախարարը նշել է, որ «Գազպրոմ»-ը պահանջում է դրամական հաշվարկների անցնել Հայաստան ռուսական գազի տարանցման համար՝ այն 10 տոկոսի փոխարեն, որը ներկայում գործող պայմանագրի համաձայն Վրաստանն ստանում է դրա ընդհանուր ծավալից:
«Բնականաբար, երբ ռուսական կողմը դրեց այդ հարցը, մենք կտրականապես դեմ էինք, սակայն միաժամանակ հայտարարվեց, որ «Գազպրոմ»-ն իրական հնարավորություն ունի իր գազը Հայաստանին մատակարարել Իրանի միջոցով»,- նշել է Կալաձեն, որի խոսքով՝ «նման վտանգ, իհարկե, գոյություն ունի, եւ Վրաստանի համար դրա հետեւանքը էներգետիկական առումով շատ ծանր կլինի»:
Էներգետիկայի նախարարը հայտնել է, որ այդ կապակցությամբ արդեն մի քանի հանդիպում է կայացել «Գազպրոմ»-ի ներկայացուցիչների հետ, բայց առայժմ համաձայնություն ձեռք չի բերվել: Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ Ադրբեջանը, որը եղել ու մնում է Վրաստանին բնական գազի հիմնական մատակարարը, ներկա փուլում տեխնիկապես չի կարող ծածկել ձմռանը երկրում առաջացող գազի դեֆիցիտը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: