ԱՄՆ-ը նախատեսում է միջին հեռահարության հրթիռներ տեղակայել Ասիայում
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Միացյալ Նահանգները մտադիր են մինչև տարեվերջ միջին հեռահարության հրթիռային համակարգեր տեղակայել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեղեկությունը РИА Новости-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է ամերիկյան բանակի Խաղաղօվկիանոսյան հրամանատարության ներկայացուցիչը։
«Ամեն ինչ ընթանում է ըստ ծրագրի՝ տարեվերջին նպատակին հասնելու համար»,- նշել է նա:
Ապրիլի սկզբին Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատար Չարլզ Ֆլինը Տոկիոյում «Յոմիուրի» թերթին տված հարցազրույցում հայտարարել էր առաջիկայում այդ տարածաշրջանում նշված հեռահարության հրթիռներ տեղակայելու ԱՄՆ մտադրության մասին։ Նա նշել էր, որ դա նախատեսվում է անել դաշնակիցների և գործընկերների հետ համագործակցությամբ: Չարլզ Ֆլինն ընդգծել էր, որ Չինաստանի արդիականացվող հրթիռների դեմ «հակամիջոց գտնելը չափազանց կարևոր է ամերիկյան ցամաքային զորքերի համար»: Նա չէր նշել, թե ինչ տեսակի հրթիռների մասին է խոսքը, սակայն թերթը ենթադրում է, որ դրանք կարող են լինել «Տոմահավկներ», ամերիկյան Typhon հրթիռային համակարգեր, որոնք օգտագործում են SM6 զենիթային հրթիռներ։
Դեռևս հայտնի չէ, թե Վաշինգտոնի հատկապես որ դաշնակցի տարածքում են տեղակայվելու այդ հրթիռային համակարգերը, սակայն ակնկալվում է, որ դա միտված է լինելու Չինաստանին զսպելուն:
Անցյալ տարի Ֆլինը հայտարարել էր, որ Թայվանի դեմ Չինաստանին զսպելու համար ԱՄՆ-ը նախատեսում է միջին հեռահարության հրթիռներ տեղակայել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:
Ծրագրի իրականացման դեպքում դա կլինի այս տարածաշրջանում նման հրթիռների առաջին տեղակայումը՝ 1987 թվականին ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև Միջին և փոքր հեռահարության հրթիռների վերացման մասին պայմանագիրը ստորագրելուց հետո: Փաստաթուղթն արգելում էր այդ երկրներին, հետագայում՝ արդեն Ռուսաստանին, ունենալ ցամաքային տեղակայման միջին հեռահարության բալիստիկ և թևավոր հրթիռներ՝ 500-5500 կիլոմետր թռիչքային հեռավորությամբ: