Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել են ՌԴ-ի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունները. Հաջիև
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել են երկու երկրի՝ ՌԴ-ի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունները, ինչի մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Հիմք ընդունելով 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված Եռակողմ հայտարարությունը՝ երկու երկրի բարձրագույն ղեկավարությունները որոշում են կայացրել «Ադրբեջանի տարածքում» (չակերտները՝ Tert.am) ժամանակավորապես տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների՝ «մեր երկրի տարածքից» (չակերտները՝ Tert.am) վաղաժամկետ դուրսբերման մասին։ Գործընթացն արդեն սկսվել է, Ադրբեջանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունները համապատասխան միջոցներ են ձեռնարկում այս որոշումը կյանքի կոչելու համար»,- ասել է Հաջիևը։
Նշենք, որ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովն այսօր հաստատել է, որ սկսվել է ռուս խաղաղապահների դուրսբերումն օկուպացված Արցախից:
Նախօրեին տեղեկությունը հաղորդել էին ադրբեջանական պետական լրատվամիջոցները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուս խաղաղապահները հեռացել են Ադրբեջանի կողմից օկուպացված Դադիվանքից։ Եվ, որ ապրիլի 15-ից վանքը գտնվում է Ադրբեջանի ոստիկանության վերահսկողության տակ։ Ըստ լրատվամիջոցների՝ դրանով սկսվել է ռուսական խաղաղապահների դուրսբերման գործընթացն օկուպացված Արցախից։