Yerevan, 05.December.2025,
00
:
00
BREAKING


«Հակոբը չէր ուզի ինձ կոտրված տեսնել, մի անգամ ասել էր՝ ուզում եմ մամայիս նման ուժեղ լինել». կրտսեր սերժանտ Հակոբ Եղիազարյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիի մատույցներում. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հակոբը չափված-ձևված էր թե՛ մանկության տարիներին, թե՛ ավելի հասուն տարիքում: Նաև ակտիվ էր՝ կախված իրավիճակից: Բարի էր: Երբ իրենից տարիքով փոքր ինչ-որ մեկի վրա բարկանում էինք, կանգնում էր երկուսիս մեջտեղում ու ասում՝ մա՛մ, ինքը փոքր է: Շատ ջիգյարով էր: Ընտանիքի անդամների, բարեկամների հետ այնքան ջերմ էր: Նույնիսկ պատերազմի ժամանակ հետաքրքրվում էր բոլորից՝ քրոջից, հորեղբոր երեխաներից, քեռուց»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Գայանեն՝ Հակոբի մայրիկը:

Նշում է՝ արդեն մանկապարտեզի հանդեսներից ու միջոցառումներից նկատելի էր, թե որքան լավ է Հակոբը սկսում տիրապետել ռուսերենին: «Առանց ակցենտի խոսում էր: Բոլորը զարմանում էին, ասում՝ ձեր տանը ռուսերե՞ն եք խոսում: Մինչդեռ նման բան չկար: Հետո ընդունվեց Մեսրոպ Մաշտոցի անվան դպրոց, այնտեղ շեշտը դրված էր օտար լեզուների վրա: Դպրոցում լավ է սովորել, իսկ հետո արդեն ընկերներն են հիշում՝ կարող էր սովորած չլինել դասը, բայց լսելուց հետո պատասխաներ և գնահատականը ստանար: Դպրոցական ընկերների հետ հրաշալի հարաբերություններ ուներ, ու հիմա էլ պատմում են, որ Հակոբն ամեն ինչ անում էր, որ կռիվներ, վեճեր չլինեին, բայց եթե լինեին էլ, միշտ ընկերների կողքին է եղել: Ուսուցիչների հանդեպ հարգալից էր, երբեք չի նեղացրել որևէ մեկին»: Դպրոցի 12-րդ դասարանում սովորելու ժամանակ Հակոբն ընդունվում է Սլավոնական համալսարանի «զրո կուրս»:

«Սկզբում մտածում էր տնտեսագիտության ուղղությամբ ուսումը շարունակելու մասին, բայց հետո հասկացավ, որ դա իրենը չէ: Ընդունվեց իրավագիտության բաժին: Իրեն այդ ոլորտը շատ էր հետաքրքրում: Իմ աշխատանքն առնչվում է իրավաբանության հետ: Երբ տուն էր գալիս, սկսում էինք տարբեր հարցեր քննարկել»: Առաջին կուրսի առաջին կիսամյակն ավարտելուց հետո Հակոբը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության, 2019 թ. հունվարի զորակոչով մեկնում Արցախի Հանրապետություն: Ծառայությունն անցել է Ստեփանակերտի Ցորի զորամասում: 2020 թ.-ին ստացել է կրտսեր սերժանտի կոչում: «Շատ լավ էր տրամադրված ծառայությանը: Զորացրվելուց հետո մտադիր էր շարունակել ուսումը, մտքեր ուներ պետական համակարգում աշխատանքի անցնելու մասին: Ծառայությունը լավ էր ընթանում, ոչ մի անգամ դժգոհություն չի հայտնել, ինքն իր հարցերը միշտ տղամարդավարի լուծել է: Շատ էր ընթերցում, այդ թվում՝ մասնագիտական գրքեր:

Ընկերներն ասում են՝ գրքերն իրենց էր փոխանցում, որ կարդան: Մի անգամ զրույցի ժամանակ ասաց՝ այստեղից ի՞նչ պատվոգիր պետք է բերեմ, որ ուսման վարձս զեղչվի: Արձագանքում էի՝ դու դրա մասին մի մտածի, կարևորը՝ ծառայի ու վերադարձի տուն: Քույրիկն էլ էր ընդունվել Սլավոնական համալսարան, ու Հակոբն անհանգստանում էր, որ ինձ համար բարդ կլինի երկու ուսանողի ուսման վարձ վճարելը: Պատերազմի ժամանակ մեր այս զրույցը նորից հիշեցինք. «Հակո՛բ, վերջն այնպես արեցիր, որ վարձդ զեղչվի»: Ծիծաղեց: Ծառայության ժամանակ թե՛ հրամանատարության, թե՛ ընկերների շրջանում հարգանք է վայելել»: Հետո սկսվում է պատերազմը: Տիկին Գայանեն ասում է՝ այդ օրերին Հակոբը միայն հարցնում էր՝ այդտեղ ի՞նչ են ասում: «Ես էլ ասում էի, որ լավ է լինելու, հրադադար կլինի, Հակոբն ուղղակի քմծիծաղ էր տալիս: Բայց երբեք ոչ մի բառով անգամ չի հասկացրել, թե ինչ վիճակում է:

Պատերազմից մեկ տարի հետո եմ իմացել, որ երեք անգամ շրջափակման մեջ են ընկել, վերջինից շատ մեծ դժվարությամբ են դուրս եկել, որքան զորք ու զինտեխնիկա է ոչնչացրել: Սեպտեմբերի 27-ին, երբ պատերազմի բոթը լսեցի, անմիջապես սկսեցի Հակոբին զանգահարել: Մինչև ժամը հինգն իր հետ չեմ կարողացել կապ հաստատել: Ինքը զանգահարեց՝ իմ մոտ ամեն ինչ նորմալ է, մա՛մ, հանգիստ եղիր, տեղափոխվել ենք, անտառներում ենք: Հիմնականում ամեն օր զրուցում էինք ու կարծես միշտ նույն ժամին: Եղբորս հետ էր կապը պահում, ով ևս պատերազմի դաշտում էր: Հակոբը չէր ուզում, որ քեռին գնար մարտի դաշտ, անգամ ինձ ասաց, որ չթողնեմ: Ցավոք, Հակոբն ու եղբայրս իրար չհանդիպեցին, տարբեր հատվածներում են եղել»: Հակոբը եղել է Վարանդայում, Ակնայում, Կարախամբեյլիում, Ասկերանում, Հադրութում:

«Հրամանատարն ասաց, որ արդեն վերջին օրերին իրենց ամբողջ դասակին առանձնացրել են ու տարել Քարին տակ: Ասում էր, որ Հակոբենց դասակն իրենց թև ու թիկունքն էր. «Երբ առանձնացրեցին, մեր թև ու թիկունքն էլ կոտրվեց»: Ընկերները պատմում են՝ Հակոբը հրաշալի հաշվարկ էր անում, և հենց դրա շնորհիվ կարողացել էին ճշգրիտ հարվածներ հասցնել թշնամուն: Նաև կապի պատասխանատու է եղել»: Տղաները Քարին տակից նահանջի հրաման են ստացել: «Այդ ժամանակ նաև լուրեր էին տարածվում, որ թուրք հատուկ ջոկատայինները հայկական համազգեստով Քարին տակում են: Հակոբը քեռուն ասել էր, որ նահանջում են: Նա այդ ժամանակ մի քանի օրով եկել էր քաղաք հանգստանալու: Շտապ հագնվեց, որ գնա Հակոբի մոտ: Շատ անհանգիստ էի, Հակոբը զանգեց՝ մա՛մ ջան, ամեն ինչ նորմալ է, արդեն հասնում ենք ասֆալտին, նկատի ուներ, որ փողոց են դուրս գալիս:

Իր խոսքից հասկացա, որ պետք է գնային Ստեփանակերտ: Գիշերը պետք է մնային անտառներում: Իսկ առավոտյան հրամանը փոխվում է, ու, չգիտես ինչու, իրենց ուղարկում են Շուշի: Հորեղբորն ասել էր, որ ՄՈԲ-ին են բերել, ոստիկանության զորքեր: Հետո իմացանք, թե ինչպես են շատերը լքել Հադրութի 5-րդ գումարտակին և նաև Հակոբենց դասակին, որն այդտեղ է եղել: Նոյեմբերի 7-ին թեժ մարտեր են եղել, տղաները շրջափակման մեջ են հայտնվել, Հակոբի ընկերներից ոմանք զոհվել են: Նա կապ է հաստատել հրամանատարի հետ, որ օգնություն ուղարկեն: Իրենց նշելով, ճանապարհները շրջափակված են եղել, հնարավորություն չի եղել օգնություն ուղարկելու, հետագայում քննությունը կպարզի, թե ով է մեղավոր, ով չէ: Հրամանատարը հեռախոսով ասել է, թե ինչպես կարող է Հակոբը ձորակով դուրս գալ այդտեղից, բայց նա մերժել է՝ մինչև վերջ մնալով իր ընկերների կողքին»:

Հակոբը զոհվել է նոյեմբերի 7-ին Շուշիի մատույցներում: «Այդ օրն առավոտյան ինձ հետ խոսեց, հետո ավելի ուշ՝ քեռու, հորեղբոր տղայի հետ: Վերջինիս ասել էր՝ եթե մի երկու ժամից չզանգեմ, մերոնց մի բան կխաբես»: Իսկ հետո սկսվում է Հակոբի փնտրտուքը: Քեռին Արցախում չի կարողանում գտնել նրան: «Մինչև դեկտեմբերի վերջ որևէ տեղեկություն չունեինք, մտածում էինք, որ գուցե գերի է ընկել: Իրականությունն այլ էր՝ Հակոբի հագին «սպեցֆորմա» է եղել, նրան ու ևս 50 տղայի մարմին թշնամին տարել է փոխանակման համար»: 2021 թ.-ի հունվարի 26-ին հայկական կողմին փոխանցված 30 տղաներից մեկը Հակոբն էր, ինչը ԴՆԹ-ն հաստատեց փետրվարի 17-ին: Հրամանատարները, ընկերները հաճախ են այցի գնում Հակոբին, մայրիկն ասում է՝ կարող է պատահաբար նրանց հանդիպել իր որդու և մյուս տղաների մոտ:

«Այս ուշադրությունն այնքան կարևոր է: Երբ որդուս ընկերը զանգում է ինձ կամ քույրիկին, տոնական օր շնորհավորում կամ ուղղակի հետաքրքրվում, թե ինչպես ենք, այնքան լավ ենք մեզ զգում: Ինձ ապրեցնողը մեր մեծ ընտանիքը դարձավ, քանի որ չուզեցի, որ այս մեծ ցավի մեջ հիմա էլ սկսեն ինձ համար անհանգստանալ: Փորձեցի ինձ ամուր պահել: Հակոբը չէր ուզի ինձ կոտրված տեսնել: Մի անգամ իր կուրսընկերուհուն գրել էր. «Ուզում եմ մամայիս նման ուժեղ լինել, այդքան փորձությունների միջով անցնելուց հետո ձիգ է մնացել»: Այդ նամակագրությունն ինձ ուղարկեցին, այն կարծես սաստեց ինձ, որ Հակոբը, իհարկե, նաև աղջիկս չեն ուզենա ինձ կոտրված տեսնել: Նաև մայրիկներով ենք իրար ուժ տալիս, մեկս մյուսին ասում՝ եթե քեզ մի բան լինի, ո՞վ է որդուդ մոտ Եռաբլուր գալու: Եվ դա ևս սթափեցնող է: Պատճառներ ենք գտնում, որ մեր ապրելն արդարացնենք: Բայց սա այնքան էլ ապրել չէ: Մեր տղաները բոլորիս համար են կռվել, չեն պարտվել, հաղթել են մարտի դաշտում: Իսկ հիմա բոլորս նրանց հայրենիք ենք պարտք»:

Հ. Գ. - Հակոբ Եղիազարյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» և «Արիության համար» մեդալներով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Issues the First in Armenia Perpetual Bonds Team Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three YearsApply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMDEuromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “B” with a “stable” prospectAn unprecedented Evening for the Armenian Fashion and Hospitality Industry: World-Renowned Dress Designer Jacob Meyer Presents His Masterpieces at the ONE&ONLY Antigravity Theatre in The Dvin HotelA Brand-New Section on Idram&IDBankSeveral real and profitable offers ahead of Black Friday: IDBank and IdramAraratBank Joins Social Impact Award 2025 Summit in LjubljanaIDBank issued the 1st tranche of bonds of 2026Ucom Supports the Development of Space Engineering in Armenia Prioritizing Information Security: IDBank and Idram Support APOCALYPSE CTF 2025IDBank's Representative, Innesa Amirbekyan Appointed Co-Chair of the ICC Banking Commission Task Force on GuaranteesUcom General Director Ralph Yirikian Awards Certificates to Participants of Cybersecurity Training Course Acba and Proparco mark one year of partnership, strengthening rural financing and Armenias’s economic resilienceAraratBank and Arca's joint campaign has endedIDBank: A Pioneer of Digital Banking and Innovation in ArmeniaGRAWE Group and C-Quadrat Investment Group have announced plans to acquire 100% of LIGA Insurance Company in Armenia Ucom Supports the Annual “Capture the Flag 2025” Cybersecurity Competition Financially Literate with Idram and IDBank: Next Stop – Nairi CampIdram received a permit to establish and operate the Armenian payment and settlement QR system IdramNetUcom Completes the Deployment of its 5G Network Across All Cities of Armenia Firebird, Inc. Secures U.S. Export License and Announces Dell Technologies as a Technology Partner, Establishing Major Milestones in Armenia’s AI and Digital FutureIDBank Receives Permission to Open a Representative Office in the United StatesRoboTon 2025 Competition Held with Idram’s Sponsorship“Armenian potential in Spain: Arman Mayilyan as a guest on the ‘Armenian Diaspora Communities’ program.” Final Results of the 20th Annual International Microelectronics Olympiad AnnouncedUnibank's VISA DIGITAL cards are now free Arca National Payment System, Bank of Georgia and Ameriabank Signed a Memorandum of UnderstandingIdram has been awarded the prestigious “Beyond Payments Awards” by Ant InternationalSTEM Acceleration Award 2025 Held with Idram’s SupportSolar Power is Generated in Kechut Community Through the Efforts of Ucom and SunChild Idram Announces Partnership with WeChat PayAraratBank: Transfer Your Mortgage Loan and Repay It on Attractive Terms: JOIN US“The Power of One Dram” as the Main Supporter of the National Hackathon AI4Biodiversity: AI Solutions for NatureSpeed-Mentoring Event Accelerates Green Innovations within the Ucom Fellowship Program Ucom Supports the Development of High-Tech Education in Armenia Dalan Technopark announces its first bond issuance. Placement Partner is Cube InvestIdram Junior Participants Receive Prizes: The First Junius Financial Literacy Competition ConcludesLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future Foundation5,312,038 AMD for “Symphonic Forest”: the November beneficiary is AI4Biodiversity: AI Solutions for Nature, a national hackathonUcom’s Green Initiative Reaches Urtsadzor AraratBank Honoured with STP Award by Commerzbank AG Compelling Business Loan Offer from AraratBank: JOIN US AraratBank – Title Sponsor of Urartu Football Club