Վրաստան մուտք գործող արտասահմանցիների համար կյանքի և առողջության պարտադիր ապահովագրության պահանջի ներդրման ժամկետը երկարաձգվել է մեկուկես տարով
SOCIETYԴեռևս անցած տարեվերջին Վրաստանի խորհրդարանը օրենք էր ընդունել, որ 2024 թվականի հունիս 1-ից Վրաստանում արտասահմանցիների համար պարտադիր կդառնա կյանքի և առողջության ապահովագրությունը, որն ապահովելու է զբոսաշրջիկի համար անհրաժեշտ բուժօգնության տրամադրումը և դժբախտ պատահարներից ապահովագրումը:
Հետո ՀՀ ԱԳՆ-ից հայտնեցին, որ Վրաստան այցելող զբոսաշրջիկների համար կյանքի և առողջության պարտադիր ապահովագրության ներդրման հարցը քննարկվել է Վրաստանի իրավասու գերատեսչությունների հետ, և «օրենքի կիրարկման ժամկետների վերաբերյալ առայժմ հստակ ժամանակացույց առկա չէ»: Ըստ ԱԳՆ-ի, հունիսի 1-ի ժամկետ հաստատված չէ, դիտարկվում են ավելի ուշ ժամկետներ:
Սակայն մենք շարունակում ենք ստանալ ահազանգեր, որ մեր քաղաքացիները անհանգստանում են՝ հաշվի առնելով, որ վաղն արդեն հունիս 1-ն է, իսկ վերջնական պաշտոնական հաղորդագրություն չի եղել: ԱՅսօր մենք պարզաբանման խնդրանքով դիմեցինք ԱԳՆ, և ահա քիչ առաջ Վրաստանում ՀՀ դեսպանատունը հայտարարություն տարածեց, որ «Վրաստան մուտք գործող արտասահմանցիների համար կյանքի և առողջության պարտադիր ապահովագրության պահանջի ներդրման վերաբերյալ ստացված հարցումների կապակցությամբ տեղեկացնում ենք, որ Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հարցի առնչությամբ լրացուցիչ պարզաբանում է ստացել Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից առ այն, որ «Վրաստան մուտք գործող զբոսաշրջիկների առողջության և դժբախտ պատահարներից պարտադիր ապահովագրության կարգի և պայմանների հաստատման մասին» համապատասխան որոշման ընդունման և ուժի մեջ մտնելու համար ժամկետ է սահմանվել 2026 թ. հունվարի 1-ը»։