Ուկրաինայում ՀՀ դեսպանը և Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը Բուչայի բուժհաստատությունների համար դեղամիջոցներ են փոխանցել
INTERNATIONAL NEWSԿիևի մարզի Բուչա քաղաք են այցելել Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանը և Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը։
Ինչպես փոխանցում է AnalitikaUA-ն, այս մասին հայտնել են Բուչայի քաղաքային խորհրդի մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ տեղի իշխանությունների հետ հանդիպմանը քննարկվել է Բուչայի և Երևանի Նոր Նորք համայնքի միջև համագործակցությունը։
Հայկական պատվիրակությունը նաև մարդասիրական օգնություն է նվիրաբերել՝ դեղամիջոցներ քաղաքի բժշկական հաստատությունների համար։
«Մենք հպարտանում ենք ուկրաինացի ժողովրդի քաջությամբ, որը պաշտպանում է իր ազատությունն ու անկախությունը մարտի դաշտում։ Երևան քաղաքը և Նոր Նորք համայնքը միշտ աջակցելու են Բուչային և ռուսական ագրեսիայից տուժած մյուս համայնքներին»,- ասել է Կարապետյանը։
Հայկական պատվիրակությունը նաև հարգանքի տուրք է մատուցել Բուչայում սպանված 509 խաղաղ բնակիչների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի մոտ:
Աղբյուրը հիշեցրել է, որ ավելի վաղ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն էլ Կիևում մասնակցել է Առաջին տիկնանց և ամուսինների ամենամյա գագաթնաժողովին՝ իր հետ բերելով մարդասիրական օգնություն։
Հայաստանի կառավարության կողմից, տեղի Հայերի միության խնդրանքով 2024 թվականի սկզբին ևս դեղամիջոցների և դեղերի տեսքով մարդասիրական օգնության մեծ խմբաքանակ է փոխանցվել Ուկրաինային։