«Կան մարդիկ, ովքեր ո'չ ձայն ունեն, ո'չ ասելիք, պարզապես ուզում են հայտնի դառնալ». Հասմիկ Կարապետյան
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Առաջիկայում նախատեսված ծրագրերից, հայ երգարվեստի ներկայիս վիճակից ու մարդկային բարդ հոգեվիճակից Tert.am Life-ը զրուցել է երգչուհի Հասմիկ Կարապետյանի հետ:
«Համերգային ակտիվ ժամանակահատվածից հետո այս պահին ինքս ինձ տևական հանգիստ եմ տվել՝ ստեղծագործական գործունեության մեջ, քանի որ երեխաներս արձակուրդում են ու հիմնականում ինձ հետ են»,- պատմեց երգչուհին:
Նրա խոսքով՝ կան պլանավորած ծրագրեր, որոնք պետք է ամռան ընթացքում իրականացնի:
«Երևանում կլինեն նվագախմբով, բենդային համերգներ բացօթյա վայրերում: Կան երգեր, որոնց քավեր տարբերակները պետք է ներկայացնեմ, նոր ֆոտոշութեր են սպասվում: Երկու փոքրիկ երեխաների հետ այս պահին այսքանը կհասցնեմ»:
Կլինե՞ն դրսում համերգներ, թե՝ ոչ, Հասմիկը դժվարացավ պատասխանել:
«Ես ինձ համարում եմ սպեցիֆիկ երգչուհի, և, եթե ժամանակին տարին 4-5 անգամ հայ համայնքից մենահամերգի հրավեր էի ունենում, հիմա պասիվացել է: Ոչ միայն ինձ մոտ է այդպես, այլ՝ ամբողջ աշխարհում: Մեր երկրում ինչ-որ բաներ են կատարվում, որոնք նպաստում են նաև երգարվեստում այդ ամենի անկմանը: Ընդհանուր առմամբ սթրես կա»,- նշեց երգչուհին:
Խոսելով ներկայիս հայ երգարվեստի մասին, Հասմիկ Կարապետյանը նկատեց, որ սխալ կլինի ասել, որ այսօր միայն անորակ երաժշտությունն է տիրում երգարվեստում:
«Հեռուստատեսությամբ շատ լավ նախագծեր են արվում, որոնցից մեկը «Դիմակահանդես»-ն էր: Կան մարդիկ, որոնք հետաքրքիր տեսահոլովակներ են նկարահանում, կան որակով գործեր: Նոր երգիչ, երգչուհիներ են բացահայտվում «Երգ երգոց»-ի շրջանակներում, որոնց հաճույքով կարելի է ունկնդրել:
Բայց դրան զուգահեռ, բնականաբար կա անորակ, անդեմ, անհասկանալի երաժշտություն: Կան մարդիկ, ովքեր ոչ ձայն ունեն, ոչ ասելիք, և պարզապես ուզում են հայտնի դառնալ: Ամեն ինչ ներդնում են, ջանք են գործադրում, որ ճանաչվեն: Կարևոր չէ՝ ինչ են երգում, ինչ են մատուցում»:
Երգչուհու կարծիքով՝ միշտ էլ անորակն ու որակյալը միասին են քայլել, ուղղակի միշտ էլ որակն ավելի քիչ է երևացել, և պահանջարկն ավելի քիչ է, քան՝ անորակինը: Ըստ նրա՝ ցավալի է, բայց միշտ որակով մարդիկ ավելի շատ ստվերում են մնում:
«Կուզեմ խոսել նաև մարդկային հոգեվիճակի մասին: Այսօր կյանքի որակ է փոխվել, մարդկանց մեջ ուրախություն գրեթե չի մնացել: Ես համատարած անտարբերություն եմ զգում, եթե տարիներ առաջ ինչ-որ փոքրիկ լավ բան էր տեղի ունենում, լիներ ստեղծագործական կյանքում նվաճում, թե կյանքի այլ բնագավառում, այդ ուրախությունը կարող էր ամիսներ տևել, բայց հիմա ամեն ինչ այլ է:
Նույնիսկ լավ երգերն են շատ կարճ ապրում, մարդկանց ուղեղներն ավելի մտազբաղ են: Այսօր կա ապրելու խնդիր, ինչպես գումար վաստակել: Ամբողջ աշխարհում է հիմա այդպես, մարդիկ հոգեպես ուրախ չեն ինչպես 10 տարի առաջ: Ես շատ կցանկանայի հետ վերադառնային այն ժամանակները, երբ մենք հոգեպես ավելի ուրախ էինք: Գուցե հիմա ֆինանսապես ավելի ապահովված ենք, բայց հոգու լույսը խամրել է մարդկանց մեջ, ու սկսել են ապրել տվյալ օրով: Ոչ ոք չի փորձում ինչ որ բան պլանավորել, օդում կախված զգացողություն կա»,- ամփոփեց Հասմիկ Կարապետյանը:
Հեղինակ՝ Անի Մնացականյան