«Սկզբում մտածում էին՝ քրեական է, չի կարելի, բայց կարծրատիպը կոտրվեց». Մուրադ Նադիրյանը՝ «Տանդեմ» դրամայի մասին
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Տանդեմ» քրեական դրամայի նոր եթերաշրջանն ավարտվել է, որտեղ դերասան Մուրադ Նադիրյանը մարմնավորում է գլխավոր հերոսներից մեկին: Հուլիսից կսկսվեն 2-րդ եթերաշրջանի նկարահանումները:
«Այս ֆիլմի վարկանիշը շատ բարձր է, կարծիքները՝ դրական: Մարդիկ սկզբում մտածում էին քրեական է, չի կարելի, բայց այդ կարծրատիպը կոտրվեց, որովհետև կարելի է կրիմինալ նկարել, բայց դա պետք է անել ճաշակով ու որակով:
Դա է ամենակարևորը: Մեզ մոտ, կարծում եմ, ստացվել է ճաշակով ու եթերային: Հետաքրքիր է, որ միայն տղամարդիկ չեն նայում, կանայք էլ են նայում, ու հաճախ փողոցում տեսնելիս դրական են արձագանքում»,- Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց դերասանը:
Նա նշեց, որ զուգահեռ նկարահանվում է Աշոտ Տեր-Մաթևոսյանի «Դասամիջոց» հեռուստասերիալում, խաղում թատրոնում, նկարահանվում պատմական ֆիլմում:
«Այս ամենին զուգահեռ թատերական HD դպրոցում բեմական շարժում եմ դասավանդում: Այս պահին ծանրաբեռնված է գրաֆիկս»,- նշեց Մուրադ Նադիրյանն, ով արդեն 21 տարի է աշխատում է Տիկնիկային թատրոնում:
«Այնտեղ ևս ծանրաբեռնված եմ, կան մի շարք նոր ներկայացումներ, և՛ մանկական, և՛ մեծահասակների համար: Շուտով նաև հյուրախաղերի ենք մեկնելու Չինաստան՝ միջազգային փառատոնի»:
«Իսկ ինչի՞ կարիք ունեք որպես դերասան»,- հարցին Մուրադ Նադիրյանն արձագանքեց, որ կուզեր մեր պետության վերաբերմունքը դերասանների հանդեպ մի քիչ փոխվեր:
«Աշխատավարձերի ցածր շեմը կուզեի վերանայեին, որպեսզի դերասաններն իրենց գնահատված զգային իրենց երկրում: Ինձ համար մոտիվացիան գումարը չէ, ես սիրում եմ իմ մասնագիտությունը, և իմ գործն անում եմ պրոֆեսիոնալ՝ առանց գումարին նայելու, բայց չեմ ուզում դա շահագործեն:
Բացի այդ, սերիալային ֆիլմարտադրության մեջ կուզեի՝ սանդղակն ավելի բարձրանար, պրոֆեսիոնալ մոտենային հարցին»,- ամփոփեց դերասանը: