«Աննորմալ կատակերգություն է, հանդիսատեսը գերագույն հաճույքով է նայելու». Դավիթ Հակոբյան
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Շուտով Համազգային թատրոնում կկայանա Վինչենցո Սալեմմեի՝ «Իսկ դրսում ձյու՜ն է գալիս» կատակերգության պրեմիերան, որն ըստ բեմադրիչ Դավիթ Հակոբյանի ավելի շուտ էր նախատեսված, բայց տեխնիկական պատճառներով հետաձգվեց:
«Մոտ 1 ամսով հետաձգվեց, որովհետև դերասան Արման Նավասարդյանին նորից զորակոչեցին բանակ՝ վերապատրաստումների ծրագրի», -Tert.am Life-ի հետ զրույցում ասաց Դավիթ Հակոբյանը:
Նրա խոսքով՝ շատ հետաքրքիր և օրիգինալ պիես է: «Նոր պիես է՝ թարգմանված հատուկ մեզ համար: Մի քիչ աննորմալ կատակերգություն է, մի քիչ՝ ծուռ: Հոգեբանական և տխուր բաներ կան, արժե մտածել այդ ամենի մասին:
Մաքրության, նվիրվածության, եղբայրության, մայրության մասին է այս ներկայացումը: Շատ անսպասելի անցումներով է»:
Ռեժիսորի խոսքով՝ բեմանկարիչ Դավիթ Մինասյանը շատ գեղեցիկ ձևավորում է արել բեմադրության համար, հետաքրքիր և շատ անակնկալ գործ է սպասվում:
Դերերում Ստեփան Ղամբարյանը, Վարշամ Գևորգյանն ու Արման Նավասարդյանն են: Երաժշտական ձևավորումն իրականացրել են Արմեն Շահինյանն ու Սամ Սարյանը, զգեստների նկարիչը Թամարա Բարոյան է, իսկ թարգմանությունը՝ Վահե Գևորգյանը:
«Մեր հանդիսատեսը ևս մեկ հետաքրքիր աշխատանք կունենա խաղացանկում: Այս դերասանների հետ որպես ռեժիսոր վաղուց չեմ աշխատել: Նոր ճկունություն կա, և՛ բացահայտում, և՛ ողբերգություն կա, խառը մի բան է, բայց հանդիսատեսը գերագույն հաճույքով նայելու է»,- վստահեցրեց Դավիթ Հակոբյանը:
Մոր մահվան պատճառով Էնցո Ռիգին վերադառնում է Նեապոլ իր երկու եղբայրների՝ Ստեֆանոյի և Չիկոյի մոտ: Մայրը կտակ էր թողել և պայման դրել, որ երեք եղբայրները ժառանգությունն ամբողջությամբ կստանան միայն միասին ապրելու դեպքում:
Սակայն հանգուցյալ մայրիկը հաշվի չէր առել իր զավակների տարբեր խառնվածքները: Ինչ զարգացումներ կունենան գործողություններն ու ինչ անակնկալ է պատրաստել ռեժիսոր Դավիթ Հակոբյանը, կարող եք դիտել հունիսի 23-ին՝ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում:
Հեղինակ՝ Անի Մնացականյան