Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը շարունակվում է
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը շարունակվում է։ Ադրբեջանական APA գործակալությունը գրում է, որ խաղաղապահ զորակազմի տեխնիկան ուղարկվել է Սիտալչայ բնակավայրից։ Լրատվամիջոցը նաև կադրեր է հրապարակել։ Օրերս էլ ադրբեջանական այլ լրատվամիջոցներ հայտնել էին, որ Գորանի երկաթուղային կայարանում 50 բեռնատար հարթակներում բեռնվել է 60 մեքենա, իսկ Բարդայի երկաթուղային կայարանում վառելիքի 12 բաք է բեռնվել և ուղարկվել Ռուսաստան։
Գորանում բեռնման է պատրաստվել նաև ռուս խաղաղապահների 67 մեքենա։ Նշենք, որ ադրբեջանական տելեգրամ ալիքներում վերջերս նաև տեղեկություններ էին տարածվել, թե ռուս խաղաղապահների դուրսբերումը դադարել է, նրանք շարունակում են մնալ Արցախում ստեղծված հենակետերում։
Հիշեցնենք՝ ապրիլի 16-ի երեկոյան ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ հայկական Դադիվանք վանական համալիրի պաշտպանությունը ռուս խաղաղապահները փոխանցել են ադրբեջանական ոստիկանությանը։ Դրանից հետո սկսեցին տարածվել ռուս խաղաղապահների տեխնիկայի շարասյուների տեղաշարժի տեսանյութեր։ Ավելի ուշ պաշտոնական Բաքուն ու Մոսկվան հաստատեցին, որ սկսվել է Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ դուրսբերման գործընթացը։ Ապրիլի 22-ին էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնել էր ՌԴ՝ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների։ Այցից հետո Ալիևը հայտարարել էր, որ Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ դուրսբերման որոշումը կայացվել է Պուտինի հետ համատեղ։ Հաղորդվում էր, որ ռուս խաղաղապահ զորախմբի անձնակազմի ու տեխնիկայի դուրսբերումը կտևի մինչև մայիսի վերջ։ Նախօրեին էլ Անկարայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ «ուշադիր հետևում են Ռուսաստանի խաղաղապահ ուժերի դուրսբերմանը Ղարաբաղից»։