Ճանապարհների վիճակի բարելավման համար Գործադիրը հատկացրել է 2.83 մլրդ դրամ
ECONOMICSԳործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ապահովել «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» և «Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների միջին նորոգում» միջոցառումների կատարումը: Ըստ այդմ՝ նախատեսվում ՀՀ կառավարության ներքո նախատեսված միջոցներից ՏԿԵ նախարարությանը հատկացնել 2.83 մլրդ դրամ, դրանք ուղղելով ճանապարհահատվածների հիմնանորոգման, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների, ինչպես նաև միջին նորոգման ծրագրերով նախատեսված աշխատանքների դիմաց չվճարված պայմանագրի ընդհանուր գնի 5 տոկոսի վճարման համար: Որոշմամբ նախատեսված հիմնանորոգվող ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը 22 կմ է, որից միջպետական նշանակության ավտոճանապարհներ` 10 կմ, մարզային (տեղական) նշանակության ավտոճանապարհներ՝ 12 կմ:
Այսպիսով՝ ավելի քան 2 մլրդ դրամ կհատկացվի Սարդարապատի հուշահամալիրից դեպի ՀՀ սահման (Վանանդ գյուղի մոտակայք) 4.7 կմ, Գեղամասարից դեպի Արեգունի 5.3 կմ, Նավուրից Չինչին ընդհանուր 10 կմ-ից 6.9 կմ, Հացաշեն Սորիկ 5.1 կմ հատվածների հիմնանորոգման համար: Այս ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները նախատեսվում են մեկնարկել և ավարտել 2024 թ.-ին: Մոտ 50 մլն դրամ կհատկացվի ավարտված հետևյալ աշխատանքների համար՝ Սիսիան Տոլորս 7.3 կմ, Արտաշատ Արարատ 11.278 կմ (ձախ գոտի) հատվածների միջին նորոգման համար: