«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է
ECONOMICSՀարգելի բաժանորդներ.
Ս.թ. հուլիսի 6-ին «Երևանի ՀԷԿ 1»-ում (Երևանի առաջին հիդրոէլեկտրակայան) տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով այս օրերին Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանների որոշ հատվածներում առկա են էլեկտրամատակարարման ընդհատումներ։ Վթարը բավականին մեծ է իր մասշտաբներով, սակայն Ընկերության կողմից ձեռնարկված միջոցառումների շրջանակում մշակվել են բաժանորդների էլեկտրամատակարարման ապահովման ժամանակավոր սխեմաներ: Էլեկտրասնուցումն ապահովվում է տարբեր այլընտրանքային աղբյուրներից, որոնք այս ժամանակահատվածում պարբերաբար փոփոխվում են։ Սա հնարավոր է դարձել իրականացնել շնորհիվ Ընկերության կողմից կատարված մեծածավալ ներդրումային ծրագրերի։ Այլ պարագայում նմանատիպ վթարի հետևանքների վերացմանն ուղղված ժամկետները մի քանի անգամ կգերազանցեին այսօրվա ժամկետները:
Հաշվի առնելով վերը նշված վթարի մեծ ծավալները՝ Ընկերության բաժանորդների սպասարկման տեղեկատվական ծառայության շուրջօրյա գործող 1-80 զանգերի կենտրոնն աշխատում է խիստ ծանրաբեռնված արտակարգ ռեժիմով, ստանում բազմաթիվ զանգեր, որոնցից բոլորին, ցավոք, հնարավոր չէ պատասխանել։ Հիշեցնենք նաև, որ էլեկտրամատակարարման ընդհատումների վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է ոչ միայն օպերատորի, այլ նաև ավտոմատ ծառայության միջոցով, որի համար անհրաժեշտ է մուտքագրել բաժանորդական քարտի կամ պայմանագրին կցված հեռախոսահամարը։
Ընկերությունը հայցում է իր բաժանորդների ներողամտությունը և հավաստիացնում, որ անում է հնարավորը՝ առավելագույնս արագ խնդրին վերջնական լուծում տալու, էլեկտրամատակարարման հիմնական սխեմային վերադառնալու և բաժանորդներին նվազագույն անհանգստություն պատճառելու համար։