Վերանորոգվել է «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն»-ի մասնաշենքերից մեկը
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վերանորոգվել է «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն»-ի մասնաշենքերից մեկը։ Կենտրոնում իրականացվել է ինչպես վերանորոգման, այնպես էլ խաղահրապարակի և գույքային հագեցման աշխատանքներ. ծրագրի շրջանակում կազմակերպվել են նաև անձնակազմի վերապատրաստման աշխատանքներ։
ԱՍՆ նախարարությունից NEWS.am-ին տեղեկացնում են, որ իրականացված աշխատանքներին ծանոթանալու նպատակով կենտրոն են այցելել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Հայաստանում Արգենտինայի փոխդեսպան Նիկոլաս Պասամանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, «Վորլդ Վիժն»-ի ներկայացուցիչներ, հյուրեր։
Կենտրոնը վերանորոգվել և կահավորվել է 2024 թվականին՝ ԱՍՀ նախարարության նախաձեռնությամբ, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «Վորլդ Վիժն Հայաստան»-ի կողմից՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ։
«Սոցիալական տարբեր ոլորտներում վերջին տարիներին ակտիվ համագործակցել ենք շահագրգիռ կողմերի հետ: Բացի շենքային պայմաններից, մենք ոլորտում դեռ շատ անելիքներ ունենք՝ մասնագիտական կարողությունների և ինստիտուցիոնալ զարգացման առումով։ Այսօր շատ ուրախ եմ, որ երեխաները ավելի լավ միջավայրում են շարունակելու ապրել»,- նշել է Նարեկ Մկրտչյանը:
«Արդեն երկար տարիներ է, ինչ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ խոցելի իրավիճակում հայտնված երեխաների խնամքի քաղաքականության և ծառայությունների ընդլայնման ուղղությամբ։ Մեզ համար կարևոր է, որ Հայաստանի յուրաքանչյուր համայնքում երեխաները և նրանց ծնողները կարողանան օգտվել իրենց կարիքներին համապատասխան հասանելի և մատչելի ծառայություններից»,-հավելել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի պաշտոնակատար Սիլվիա Մեստրոնին։
«Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն»-ը գործում է 2021 թվականից, որի շուրջօրյա և ցերեկային բաղադրիչների շրջանակում սոցիալական աջակցություն են ստանում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 0-18 տարեկան երեխաները։