«Մեր քաղաքում կփոխեի տրամադրությունը, կուզեի, որ մարդիկ չբողոքեն և հոգսը չերևա». բլից հարցեր Լիլի Էլբակյանին
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Tert.am Life-ի բլից հարցերին այս անգամ պատասխանել է դերասանուհի Լիլի Էլբակյանն, ով առավոտյան լռելու տարօրինակ սովորություն ունի և երազում է անձնական թատրոնի շենք ունենալու մասին:
-Ո՞ր ժամին եք արթնանում և ինչպե՞ս եք սկսում օրը:
-Արթնանում եմ ժամը 6-ին, երեխաներին դպրոց եմ ճանապարհում, շանս դուրս եմ հանում, հետո գնում եմ փորձերի:
-Երևանում Ձեր ամենասիրելի հատվածը:
-Մատենադարանը:
-Ինչի՞ մասին եք երազում:
-Շատ են երազանքներս: Երազում եմ իմ անձնական թատրոնի շենքն ունենալ, ամեն տարի հարցազրույցների ժամանակ ասում եմ, բայց դեռ չի իրականացել:
-Ի՞նչ փոխեց Ձեր կյանքում հայտնի դառնալը:
-Ոչինչ, որովհետև, ինձ թվում է ես հայտնի եմ ծնվել (պատահաբար) և հետո այդ անցումը չեմ զգացել:
-Դերասան լինելն ինչո՞վ է օգնում և խանգարում:
-Օգնում է նրանով, որ սկսում ես մարդկանց ուսումնասիրել, և նույն պատճառով էլ խանգարում է, որովհետև կարողանում ես մարդու խորքը ճանաչել, հասկանում ես, երբ է ինքը կեղծավոր, երբ՝ իսկական:
-Ձեր ընտանիքում բոլորը հայտնի են, որքանո՞վ է բարդ կամ հաճելի:
-Իրականում շատ կոնֆլիկտային է, որովհետև տարբեր արվեստագետներ են, ամեն մեկն անհատ է, բայց նաև շատ հաճելի է, որովհետև քեզ հասկանում են, օրինակ, եթե առավոտյան արթնանաս ու ասես՝ ինչ գեղեցիկ ծառ է, դրանից ոչ ոք չի զարմանա:
-Ի՞նչ կփոխեիք մեր քաղաքում:
-Տրամադրությունը: Կուզեի, որ մարդիկ չբողոքեն և հոգսը չերևա:
-Տարօրինակ սովորություն, որի մասին ոչ ոք չգիտի:
-Վատ սովորություններ շատ ունեմ, որոնց մասին չեմ ուզում բարձրաձայնել, իսկ տարօրինակ սովորությունս այն է, որ առավոտյան սիրում եմ 1 ժամ լռել ու թեյ խմել: Այդ 1 ժամվա ընթացքում ինձ պետք է ոչ ոք չանհանգստացնի:
Հեղինակ՝ Անի Մնացականյան